ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման:

Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից եւ պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, եւ շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։

Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից եւ դրսեւորել զսպվածություն։

Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։

Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար եւ համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»:

Նշենք, որ ժամը 16.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 228-ի:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Բողոքի ակցիաները մայրաքաղաքում շարունակվում են:

news.am