Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես Խորհրդային բոլշևիկները Քեմալի հետ համատեղ կազմակերպեցին «Բաքվի գործողությունը», որի արդյունքում Ադրբեջանը խորհրդայնացավ։

«1920թ․ ապրիլի 30-ին Բաքու մտան 11-րդ Կարմիր բանակի գլխավոր ուժերը։ Ընդհանուր առմամբ, այդ պատերազմական գործողությունը, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրություններում, իրականացվեց «արագ և անցավ»։ Միայն քաղաքի առանձին հատվածներում տեղի ունեցան ոչ նշանակալի զինված բախումներ։ Ադրբեջանի կառավարությունը տեղեկացվեց Դաղստանից Կարմիր բանակի արագ տեղաշարժի մասին, ինչից հետո վերջիններս խնդրանքով դիմեցին Թիֆլիսում Մեծ Բրիտանիայի բարձրագույն հանձնակատար Լյուկին, ինչպես նաև Վրաստանի կառավարությանը, որ զորքեր ուղարկեն, ինչպես նաև ճնշեն Հայաստանին, որ վերջինս երաշխիքներ տա Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին։

Բայց այդ միջոցառումներն ուշացած էին՝ Բաքուն արդեն բոլշևիկների կողմից շրջափակված էր։
1920թ․ ապրիլի 28-ին Համիդ Սուլթանովը հայտարարութնուն տարածեց, որ Ադրբեջանի Խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի, այնուամենայնիվ, հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով, և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում:
Սպառնալիքը քննարկվում էր խորհրդարանում, առաջարկներ կային նույնիսկ կառավարությունը «հրատապ» կարգով Գյանջա տեղափոխելու մասին՝ այնտեղ դիմադրության նախապատրաստվելու համար։ Բայց զինվորական նախարար Մեհմանդարովը հայտարարեց ռազմական դիմակայության անհնարինության մասին։ Բացի այդ, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Մամեդ-Էմին Ռասուլզադե վրդովված էր, որ «ստիպված են այդպես անարյուն իշխանությունը փոխանցել բոլշևիկներին»։ Բայց նա նույնիսկ ռազմական դիմադրություն ցուցաբերելու կոչ չարեց։

Դա ադրբեջանական խորհրդարանի վերջին նիստն էր։ Ադրբեջանի ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն կառավարությանն առաջարկեց, որ ՌՍՖՍՀ-ն «միանա բրիտանական դաշինքին՝ համաշխարհային իմպերիալիզմի դեմ համատեղ պայքարի համար», խնդրանքով, որ անմիջապես իրական օգնություն ցուցաբերվի՝ ուղարկելով Կարմիր բանակի ջոկատներ։

Օրջոնիկիձեն Լենինին Մոսկվա հեռագիր ուղարկեց․ «27-ից 28-ը՝ գիշերը ժամը 2-ին, Բաքվի իշխանությունը փոխանցվեց Ադրբեջանի Հեղկոմին՝ հայտարարելով Խորհրդային Հանրապետություն»։

Հարկ է նշել, որ բոշևիկների կողմից իրականացված «Բաքվի գործողության» մասին շատ մանրամասն գրված է պատմության գրքերում։ Այդ պատճառով մենք կանգ կառնենք այն կետերի վրա, որոնք հաճախ անտեսվում են ադրբեջանցի պատմաբանների կողմից։

Օրինակ՝ ինչո՞ւ ռազմական նախարար Մեհմանդարովն իր վերջին հրամանագրում զինվորականներին կոչ արեց «ծառայել նոր իշխանություններին, ինչպես նաև լինել ազնիվ և հաստատակամ հանուն թանկագին Ադրբեջանի»։

Մի՞գուցե հենց այդ պատճառով է, որ բոլշևիկներին չընդունեց որպես «թշնամական ուժ» և նրանց հետ կապեց հստակ քաղաքական հույսեր։ Եթե այո, ապա ինչպիսի՞։
Պարզվում է՝ այդ ժամանակ մոսկովյան բոլշևիկները նեղ դաշինքի մեջ էին Անատոլիայի առաջնորդի՝ ազգային-ազատագրական պայքարի գեներալ Մուստաֆա Քեմալի հետ։ Հենց նա Մոսկվային հաղորդեց Անտանտի մտադրությունների մասին՝ ստեղծել հակաբոլշևիկյան «Կովկասյան պատ», որը կխոչընդոտեր քեմալականներին ռուս բոլշևիկներից ուղղակիորեն ռազմական օգնություն ստանալու գործընթացին։

1920թ․ ապրիլի 6-ին Քեմալը հաղորդեց թուրքական Արևելյան զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիրին, որ այդ «պատը» հանդիսանում է Թուրքիայի ոչնչացման ծրագիրը, և դա թույլ չտալու համար նրանք ստիպված են դիմել ծայրահեղ միջոցների․ սկսել «Կովկասյան պատի» փլուզումը թիկունքում: Ինչը նշանակում էր կովկասյան նոր իշխանությունների հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորում, հատկապես Ադրբեջանի և Դաղստանի մուսուլման կառավարիչների հետ։
Նախատեսվում էր հետևյալը․ «Եթե կովկասյան ժողովուրդները որոշում են խոչընդոտել մեզ, ապա հարկավոր է բոլշևիկների հետ համատեղ նրանց վրա հարձակման ծրագիր մշակել․․․»։

Գեներալ Քարաբեքիր փաշան Խալիլ և Նուրի փաշաներին գրած նամակում ընդգծում էր․ «Որպեսզի բոլշևիկները Թուրքիայի սահմանին հայտնվեն, հարկավոր է, որ բոլշևիկներն անմիջապես գրավեն ողջ Կովկասը, նույնիսկ նրանց փոքր ուժերը, այնուհետև, գալով Ադրբեջան, ադրբեջանցիների հետ հասնել մինչև Թուրքիայի սահման, ինչը թուրքական շահերի օգտին կլինի։ Շատ տեղին կլինի ապահովել Ադրբեջանում, Դաղստանում և Վրաստանում բոլշևիկների իշխանության գալը․․․»։

Ի դեպ, վերջին ժամանակներում Ռուսաստանում հրապարակված պատմական փաստթղթերից երևում է, որ բոլշևիկյան ղեկավարությունը իրապես գաղտնի բանակցություններ է վարել Քեմալի հետ և նրանց հետ համաձայնեցրել «Բաքվի գործողությունը»։ Դրա վառ ապացույցն է Կենտկոմի Քաղբյուրոյի 1920թ․ նիստը, որի ընթացքում Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատին հանձնարարվել էր «Ադրբեջանի կառավարության հետ տանել չափազանց զուսպ քաղաքականություն»։
Հենց այդ ժամանակ թուրքերն առաջարկեցին Ադրբեջանի գրավման համար օգտագործել Խալիլ փաշայի Դաղստանի ստորաբաժանումները։ Նրանք պետք է առաջինը մտնեին Բաքու, որպեսզի կանխեին ադրբեջանական կառավարության հնարավոր դիմադրությունը։

Բայց այնուամենայնիվ, Օրջոնիկիձեն Բաքուն գրավելուց հետո Լենինին զեկուցեց․ «Բաքվում հեղափոխություն իրականացնելու գործում շատ ակտիվ դերակատարություն ունեցան թուրքական ասկյարները և սպաները․ նրանց ջոկատը կանխեց Բաքվից կառավարության փախուստը»։
Արդյո՞ք հնարավոր էր գործողության այլ սցենար մշակել։ Մոսկվայում ադրբեջանական հարցի ռազմական լուծումը անմիջապես չի հղացել, թեև պատմաբանները սիրում են մեջբերել Լենինին․ «Մեզ համար չափազանց, չափազանց կարևոր է Բաքվի գրավումը։ Բոլոր ջանքերն այդ ուղղությամբ կենտրոնացրեք, բացի այդ, պարտադիր է հայտարարություններում լինել բացառապես դիվանագիտական և առավելագույնս պատրաստվել տեղական խորհրդային իշխանության ձևավորմանը։ Նույնը վերաբերվում է նաև Վրաստանին, բայց խորհուրդ եմ տալիս Վրաստանին վերաբերվել ավելի զգուշորեն»։

Մոսկվան առաջարկում էր Բաքվին ռազմական դաշինք կազմել Դենիկինի դեմ, ինչը բաքվեցիները կտրականապես մերժեցին։ 1920թ․ մարտին խորհրդա-լեհական հարաբերությունների լարման հետ կապված փորձ էր արվում համաձայնության գալ Բաքվի հետ, որպեսզի «խաղաղ ճանապարհով ստանան նավթը»։ Չստացվեց։ 1920թ․ ապրիլի 26-ին Քեմալը դիմեց Խորհրդային իշխանություններին օգնության խնդրանքով․ «Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցնում միավորել մեր ողջ աշխատանքները և մեր բոլոր ռազմական գործողությունները ռուս բոլշևիկների հետ, որոնք նպատակ ունեն պայքարելու իմպերիալիստական կառավարությունների դեմ և նրանց տիրապետությունից ազատագրելու բոլոր ճնշվածներին։ Մեր տարածքներից իմպերիալիստական ուժերին դուրս շպրտելու համար․․․ և մեր ներքին ուժը իմպերիալիզմի դեմ տարվող ընդհանուր պայքարի համար ամրապնդելու նպատակով, մենք խնդրում ենք Խորհրդային Ռուսաստանին, որպես առաջին օգնություն, մեզ տրամադրել 5 մլն լիրա ոսկի, զենք և զինամթերք․․․ որոնց քանակը պետք է հստակեցվի բանակցությունների ընթացքում․․․»։
1920թ․ ապրիլի սկզբին 11-րդ Կարմիր բանակը մտավ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահման և սկսեց ինտենսիվ նախապատրաստվել Բաքվի գրավմանը:

Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ։ Կարմիր բանակի առջև դրված առաջադրանքն իրականացվեց։ Եվ ավելին։ Կարմիր բանակի մուտքը և իշխանության տապալումը սուր դիմադրություն և հակախորհրդային բողոքի ակցիաներ չառաջացրեց Բաքվում և հարակից շրջաններում։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2410338.html