15:53, 16 Հուլիս, 2015 ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընծա «Եղեռն եղեռնից հետո» գիրքը կարող է դառնալ մի զենք, որով հնարավոր կլինի պայքարել Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների ցեղասպանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին հուլիսի 16ին գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Մեր ստեղծած աշխատությունը նպատակաուղղված է իրազեկելու հայերին և աշխարհի մարդկանց մեր պատմական հայրենիքում մեր իսկ հուշարձանների հանդեպ եղեռնագործության մասին: Այս ձևով մենք պատռում ենք կամ գոնե պետք է ձգտենք պատռել թուրքերի դիմակը՝ բարձրաձայնելով կատարված ոճրագործությունների մասին», ասաց Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը տեղեկացրեց, որ ծավալուն հատորի ստեղծման մեջ մեծ ներդրում են ունեցել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մշակույթի նախարարությունը, «Մոնարխ» ընկերությունը և Հայաստան հիմնադրամը: «Նախկինում կարծում էի, որ կհրատարակվի փոքր աշխատություն, սակայն մեզ հաջողվեց տպագրել մեծածավալ եռալեզու աշխատություն 2000 օրինակ տպաքանակով, որի մի փոքր մասը կհանվի վաճառքի: Իսկ ծավալուն գրքի թվային օրինակները հասանելի են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում», ասաց Սամվել Կարապետյանը: Գրքում ներառված հուշարձաններից 32ը տեղ են գտել շարժական ցուցահանդեսում: «Հոգու պարտք» ՀԿի հետ համագործակցության շնորհիվ և ՀՀ նախագահի դրամաշնորհային մրցույթի միջոցով տպագրվել է նաև հակիրճ գրքույկ: «Ցուցահանդեսի գրքույկում և ավելի մեծ ծավալով բուն գրքում կան ոչ միայն ոչնչացված, այլ նաև խեղված հուշարձաններ: Օրինակ, Անի քաղաքի զինանշանի նախնական տեսքում առկա է խաչը, իսկ թուրքերը «վերականգման» ընթացքում այն ոչ միայն վերցրել են ուղղանկյուն շրջանակի մեջ, որը բացակայում էր, այլ նաև վերացրել են խաչը: Գոյություն ունեն այդ զինանշանի լուսանկարները՝ արված մինչև 1920 թ.: Այսինքն, գրագետ վերականգնում կատարելու ցանկության դեպքում կարելի էր այն վերականգնել», ասաց Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետը նշեց, որ մեծ հատորում մշակութային ցեղասպանության խնդրին առնչվող նյութերի շարքում կա Տիգրան Հոնենցի եկեղեցին, որի գմբեթը վերականգնվել է թերի: Նրա հավաստիացմամբ՝ ակնհայտ է, որ գմբեթը հնարավոր էր վերականգնել ամբողջությամբ, սակայն այդ դեպքում ի հայտ կգար խաչի տեղադրման հարցը, ինչը թուրքական կողմի համար ցանկալի չէ: Ինչպես տեղեկացրեց «Հոգու պարտք» ՀԿ ներկայացուցիչ Շողինե Հովհաննիսյանը, համագործակցության արդյունքում 32 ցուցանմուշից կազմված ցուցահանդեսի բացումը Երևանում տեղի կունենա հուլիսի 17ին Ճարտարապետների միության սրահում: Ցուցահանդեսում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային եղեռնի ենթարկված հուշարձանները: Դրանից առաջ ցուցահանդեսը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում և Վանաձորում: Երևանից հետո ցուցահանդեսը կուղևորվի դեպի Բրյուսել:
http://armenpress.am/arm/print/812368/exern-exernic-heto-girqy-turqiayum-mshakutayin-exerni.html