«Բոլոր նրանց, ովքեր այս օրերին փորձում են այս կամ այն կերպ ցեխ շպրտել ջավախահայության կողմը՝ պիտակավորել նրան, ասելով, թե իբր ջավախահայության դիրքորոշումը ծավալովող իրադարձությունների նկատմամբ թույլ կամ հստակ չէ», — նշել է «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ եւ մանրամասնել.

«Հարգելինե՛րս, ինչպես ցանկացած համայնքում, ջավախահայերի մեջ էլ կան տարբեր քաղաքական հայացքների, տարբեր դիրքորոշումների տեր մարդիկ, ու սա բնական երեւույթ է: Որեւէ ջավախահայ երբեւիցե չի հանդուրժի կողմերի ու դեմերի ճամբարների բաժանել ժողովրդին։ Այսօր առավել եւս մենք դեմ ենք բաժանարար գծերի անցկամանը, այն էլ տարածքային սկզբունքով»:

Վ. Չախալյանն ընդգծել է, որ չպետք է մոռանալ, որ տարիներշարունակ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունըանտարբերություն են դրսեւորել եւ ոչ հետեւողական են գտնվելջավախահայության խնդիրների նկատմամբ. «Տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել ջավախահայության ազատ կամարտահայտմանը խոչընդոտելուն։ Ջավախահայությունը երբեւիցէ չի մեղադրել այս կամ այն քաղաքական գործչին, չի դժգոհել որեւէ մեկի անտարբերությունից, լռությունից, որոշ դեպքերում անգամ՝ ջավախահայության հանդեպ բռնի ուժի կիրառման, հալածանքների ու ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը ծափողջուններով դիմավորողներից։ Եվ այսօր որեւիցե մեկը, ով էլ որ լինի, անկախ դիրքից եւ պաշտոնից, որեւէ բարոյական իրավունք չունի պիտակավորել ջավախահայությանը, պահանջել նրանից այս քաղաքական ճգնաժամում որեւէ կողմ ընդունել»:
«Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահը շեշտում է, որ ջավախահայության դիրքորոշումը պատասխանատուէ եւ արժանապատիվ, ջավախահայությունը դրսեւորել ու հետագայում էլ դրսեւորելու է բարձր ազգայինինքնագիտակցությամբ ընդգծված կեցվածք, հարիր իր պետականաստեղծ արժեհամակարգին. «Ջավախահայությունը չի եղել եւ երբեւիցէ չի լինելու անտարբեր Մայր Հայրենիքում ծավալվող քաղաքական գործընթացների նկատմամբ: Առավել եւս մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ Հայաստանի Հանրապետությունը չափազանց խառնակ եւ անկայուն օրեր է ապրում: Ջավախահայերը լավ են գիտակցում, որ մեր հայապահպանության խնդրի լուծման գրավականը հզոր եւ կայուն Հայաստանն է։
Դրանից ելնելով` մենք լիահույս ենք, որ խոհեմությունն ու ողջամտությունը անվերապահորեն հաղթանակելու են։ Մենք կողմերին կոչ ենք անում օր առաջ նստել երկխոսության սեղանի շուրջ ու փոխզիջումների միջոցով Հայաստանը դուրս հանել այս վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի ճգնաժամից։ Կեցցե հպարտ եւ արժանապատիվ հայը, աշխարհի որ ծայրում էլ, որ նա ապրում է», — եզրափակելով խոսքն՝ ասել է Վահագն Չախալյանը։