Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հաղորդել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրանց հետ միավորված «Ազգային շարժում» կուսակցությունը «Ազգային միասնության» բլոկով առաջադրել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հունիսի 24-ի նախագահի ընտրություններում՝ որպես իրենց միասնական թեկնածու։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին։ Հաղորդում է Regnum-ը։
Իրենց թեկնածությունն են առաջադրել նաև ընդդիմադիր ճամբարի գործիչները։ Գլխավոր և ամենախոշոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն առաջադրել է Մուխար Ինջեին։ Նա 53 տարեկան է, նախկին ուսուցիչ և ֆիզիկոս է։ Ի դեպ, նա հասարակության մեջ ժողովրդականություն չունի։ «Աշխատավորական» կուսակցությունը ներկայացրել է Դողու Փերինչեքի թեկնածությունը։ «Լավ» կուսակցությունը՝ Մերալ Ակշեներին, «Երջանկություն կուսակցությունը»՝ Թեմել Կարամոլաօղլուին և «Արդարություն» կուսակցությունն առաջադրել է Վեջեթ Օզային։

Մինչև մայիսի 9-ը նրանցից յուրաքանչյուրը որպես թեկնածո ւպետք է 100 հազար ստորագրություն ներկայացնի վերջնական գրանցման համար։ Մայիսի 13-ին երկրում պաշտոնապես կսկսվի քարոզարշավը։

Գործակալությունը նշում է, որ այսպիսով, պարզ է դառնում այն, որ ընդդիմադիր գործիչների միասնական թեկնածու առաջադրելու ջանքերը ձախողվեցին։ Նրանք հանդես են գալիս իրենց սեփական թեկնածուներով։ Բայց ընդդիմությանը միավորում է երկիրում խորհրդարանական կառավարման համակարգը պահելու ձգտումը։
Ակնհայտ է, որ Էրդողանի գլխավոր քննադատ Քեմալ Կիլիչդարօղլուն չհամարձակվեց նրա հետ բաց քաղաքական պայքարի մեջ մտնել։ Լուրեր են տարածվում, որ Կիլիչդարօղլուն ավելի շատ փորձում է պահպանել կուսակցության առաջնորդի իր դիրքը, քան թե ձգտում է նախագահի աթոռը զբաղեցնել։ Սցենար կա, որի համաձայն, ընդդիմությունը «հնգյակով» հանդես գալով, կարող է երկրորդ փուլի բերել ընտրությունները, որտեղ պետք է առաջադրվի ընդհանուր թեկնածու, որը կկարողանա Էրդողանին իշխանությունից զրկել։ Հայտարարվում է Աքշեների անունը, որի վարկանիշը «Լավ» կուսակցության ձևավորումից հետո աճում է։ Բայց նման ելքը դեռևս ձեռնտու չէ իշխող կուսակցությանը։ Ավելին, ինչպես ցույց է տալիս քաղաքական պրակտիկան, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քիչ փորձ ձեռք չի բերել կարճ ընտրական ցիկլեր կազմակերպելու հարցում և ընտրազանգվածի հետ աշխատելու շատ լավ մեթոդաբանություն ունի մշակած։ Բացի այդ, Էրդողանի հռետորական տաղանդը բարձր է գնահատվում Արևելքում։ Նա կաորղ է մեկ օրվա ընթացքում՝ տարբեր ակցիաների շրջանակներում, հանդես գալ բազմաժամյա ելույթներով։ Էրդողանը միանշանակ մտադիր է առաջին իսկ փուլում հաղթել և Թուրքիան դարձնել նախագահական կառավարման երկիր։ Արդյոք կստացվի՞։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Էրդողանը հաղթեց հանրաքվեն, որն իրեն ատվեց լայն գործադիր իշխանություն։ Չնայած ոչ բոլորն են համաձայն Էրդողանի առաջարկած մոդելի հետ։ Օրինակ, արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ երկիրը սկսել են լքել էլիտայի լիբերալ ներկայացուցիչները՝ կապված քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ։ Երկիրը աշխարհի հինգ պետությունների մեջ է, որոնցից միլիոնատերերի, գիտնականների և բարձր որակավորում ունեցող մասնագետների ամենամեծ արտահոսքն է արձանագրվել։ Տնտեսության մեջ առկա են լուրջ խնդիրներ․ ինչպես ասենք, արտահերթ ընտրությունները լավ կյանքից չէ, որ լինելու են։

Նշենք, որ արտահերթ ընտրություններն առաջին անգամ անցնելու են արտակարգ ռեժիմի պայմաններում, ինչը կարող է ազդել նախընտրական քարոզարշավի վրա։ Մեկ այլ բան ևս, թուրքերն առաջին անգամ են պատգամավորներին և նախագահին միաժամանակ ընտրելու։ Բայց թերթը գրում է, որ ինչ-որ բան իրենց հուշում է, որ հաղթելու է Էրդողանը։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2411825.html