ԱՄՆ 2019 թվականի պաշտպանական բյուջեի նախագծով Թուրքիային սպառազինության հիմնական տեսակների մատակարարումը կախված է 2 երկրների հարաբերությունների մասին Պենտագոնի զեկույցից՝ հաշվի առնելով ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնելու Անկարայի մտադրությունները:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին վկայում է երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մասնագիտական կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սա բյուջեի նախագծի առաջին տարբերակն է, որը հետո պետք է հաստատի ստորին պալատի զինված ուժերի հարցերով կոմիտեն, այնուհետեւ ստանա ամբողջ ստորին պալատի հավանությունը, ապա՝ Սենատի համապատասխան կոմիտեի եւ ամբողջ Սենատի: Ըստ որում՝ Սենատը եւս կարող է նախաձեռնել պաշտպանական բյուջեի սեփական նախագիծ:
«Պաշտպանության նախարարն իրավասու չէ հիմնական պաշտպանական զենքի վերաբերյալ արտասահմանում վաճառված սպառազինության մատակարարման որեւէ գործողություն կատարել, ինչի մասին պետք է Կոնգրեսին իրազեկել մինչ այն, երբ նախարարը ըստ «բ» ենթակետի Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին կներկայացնի զեկույցը»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշված է փաստաթղթում:
Նշված ենթակետը պահանջում է, որպեսզի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱԳ նախարարի հետ խորհրդակցելով բյուջեն ընդունելուց հետո ոչ ուշ, քան 60 օրում հաշվետվություն ներկայացնի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վիճակի մասին:
Հաշվետվությունը, մասնավորւապես, պետք է ներառի «Թուրքիայի կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնման եւ ամերիկա-թուրքական երկկողմ հարաբերությունների համար նման գնման հնարավոր հետեւանքների գնահատականը, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ օգտագործվող Միացյալ Նահանգների սպառազինության եւ հարթակների այլ համակարգերի վրա ազդեցության գնահատականը»:
Այնուհետեւ առաջարկվում է, որ պաշտպանության նախարարը պետք է նշի Ս-400-ի այլընտրանքային տարբերակները, որոնք Թոուրքիան կարող էր ԱՄՆ-ում կամ ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրներում պատվիրել:
ԱՄՆ-ն առաջին անգամ չէ մտավախություն հայտնում ռուսական ԶՀՀ-ներ գնելու Անկարայի ծրագրերի վերաբերյալ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը հայտարարել էր, որ Անկարայի կողմից Ս-400-ի գնումը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիա ամերիկյան F-35-ի մատակարարումների վրա:
Ի պատասխան՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել էր, որ դրանք միմյանց հետ չկապված թեմաներ են, եւ հավելել, որ ՌԴ-ի հետ Ս-400-ի համաձայնագիրը «կատարվում է ինչպես հարկն է ու դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա», եւ Թուրքիան մատակարարումներն ակնկալում է 2019 թվականին հուլիսից:

artsakhpress.am