Ալթուղ Յըլմազ

Հոլանդիայի Լեյդեն համալսարանի Մարդաբանության ամբիոնի դոկտորանտ Ուենդի Համլինքը, ով դոկտորական աշխատանք է գրում քուրդ ժողովրդական բանաստեղծների (դենգբեժների) մասին, պատմեց, որ իսլամացած հայերը երաժշտության միջոցով կապ են հաստատում իրենց անցյալի և այն ինքնության հետ, որին կապվածություն են զգում:

Համլինքն իսլամաց(վ)ած հայերի վերաբերյալ գիտաժողովին իր ելույթում նախ անդրադարձավ քրդական բանավոր ավանդությունում «հայկականության» թեմային, այնուհետև հայտնի «Մեթրան Իսա» դեսթանից պատմեց Վանում ապրող հոգևորականի աղջկա՝ Մարիամի պատմությունը, ում Վանի վալին կնության էր վերցրել, սակայն Մարիամը սիրահարվել էր մի քուրդ երիտասարդի: Համլինքը նշեց, որ հայերին հիշում են նաև մշտապես քրդերեն կատարած հայ դենգբեժների՝ Կարապետ Խաչոյի և Գուլեի երգերով, սակայն այս երաժիշտները ոչ թե հայկական, այլ քրդական մշակութային հիշողության կրողներ են:

Հետազոտողը, տեղեկություններ հաղորդելով XVI դարում օսմանյան գերիշխանության տակ հայտնված, սակայն մինչև XIX դարի ավարտը հայկական գյուղերից բաղկացած և մեծավ մասամբ որպես անկախ ֆեդերացիա մնացած Սասունի՝ մինչ 1915 թ. և դրանից հետո բնակչության կազմի վերաբերյալ, նշեց, որ թեև ցեղասպանությունից փրկված հայերի մեծ մասն իսլամացվել է, սակայն երկար ժամանակ պահպանել է քրիստոնեական հավատքն ու ծիսակարգը:

Համլինքը շեշտեց, որ նախքան 1915 թ. շրջանում հայերեն, արաբերեն և քրդերեն էին խոսում, բազմաթիվ հայեր ու քրդեր իրար լեզու գիտեին, իսկ 1915 թ. հետո հայերենն ու հայ մշակույթը մեկ սերունդի ընթացքում շրջանում գրեթե ամբողջությամբ ջնջվեց-մոռացվեց: Համլինքը նշեց, որ ցեղասպանությունից հետո շրջանում մնացել էր լոկ մեկ հայ դենգբեժ՝ Ամոն, ով նախկինում նաև հայերեն երգեր էր կատարում, սակայն 1915 թ. հետո իսլամ ընդունեց՝ դառնալով Օմեր և միայն քրդերեն երգեր կատարեց: Հետազոտողն իր զեկույցն սկսեց սասունցի մի հայից մեջբերումով՝ «քրդական երաժշտությունն արդեն մեր ականջներից չի ջնջվում», ինչն էլ այս իրականությունն է մատնանշում:

Հայ-արաբ մի քուրդ դենգբեժի պատմությունը

Համլինքը մի քուրդ դենգբեժի կենսագրության օրինակով նշեց, որ հայկական ինքնությունը մի կողմից՝ գրեթե ոչնչացվել է, մյուս կողմից՝ չի մոռացվել: Դենգբեժ Ջիհանը, ով չի ամաչում ասել, որ իր հայրը հայ է, և ինքն էլ հպարտանում է, որ քրիստոնեկան արմատներով մուսուլման է, ի տարբերություն բազմաթիվ սասունցի հայերի՝ իրեն ոչ թե «ֆըլե», այլ քուրդ, մուսուլման (միսիլմին, այսինքն՝ իսլամացած հայ) է ներկայացնում: Դենգբեժ Ջիհանը լույս աշխարհ է եկել ցեղասպանությունից փրկված հայ հորից՝ Հակոբից, և արաբ մորից 1925թ. Հևրե գյուղում: 8 տարեկանում մայրը լքել է հորն ու ամուսանցել մեկ ուրիշի հետ: Երբ հայրն որոշ ժամանակ անց մահացել է, Ջիհանը մեծացել է քրդի հետ ամուսնացած իր հորաքրոջ մոտ: 20 տարեկանում իր մի բարեկամի՝ Համո աղայի (մայրը հայ է եղել, հայրը՝ քուրդ) հրավերով գնացել է նրանց գյուղ՝ Համո աղայի մոտ աշխատելու: Որոշ ժամանակ անց նրա աղջկա հետ է ամուսնացել: Ջիհանը աղայի տուն գնացող-եկող դենգբեժներից սովորել է դենգբեժությունը:

Համլինքն իր զեկույցում շրջանում իսլամացած-քրդացած հայերի և քրիստոնյաների միջև եղած հարաբերությունների վերաբերյալ որպես օրինակ նշեց բռնի իսլամացված, սակայն հետո քրիստոնեությանը վերադարձած մի կին դենգբեժի պատմությունը, որը պատմել էր դենգբեժ Ջիհանը: Դենգբեժ Ջիհանը հիացմունքով էր խոսում իր կյանքում տեսած միակ կին և հայ դենգբեժ Խեմեի (մուսուլմանական անունը Հենիֆե) կատարողական վարպետությունից:

Համլինքն ասաց, որ դենգբեժ Ջիհանը 9 երեխա ունի, 2004 թ. ի վեր տեղափոխվել և բնակություն է հաստատել Ստամբուլում: Դենգբեժ Ջիհանի բոլոր երեխաները քրդական շարժման ակտիվ կողմնակիցներից են, երեխաների հետ մշտապես քրդերեն է խոսել, իսկ ամենափոքրը, որ փաստաբան է և Ստամբուլում է բնակվում, վերագտնում է իր արմատները՝ հայկականությունը, հայկական անուն է վերցրել և շատ մոտիկից հետևում է թե՛ քրդական, թե՛ հայկական շարժումներին: Իսկ հայրը՝ դենգբեժ Ջիհանը, որքան էլ որ շարունակի ասել՝ «ես քուրդ ու մուսուլման եմ, ֆըլե չեմ», առանց ամաչելու պատմում է իր անձնական «հայկական» պատմությունը:

Համլինքն իր զեկույցն ամփոփեց հետևյալ մտքով. Թուրքիայում համակարգված փորձում են ջնջել հայկական ինքնությունը, սակայն ի պատասխան այս ամենի՝ հայերի «ձայնն» արդեն շարունակում է արձագանքել այնպես, ինչպես քուրդ դենգբեժի խոսքերում է:

www.agos.com.tr

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

 

Սասունցի հայերի ձայներով փոխանցվող հիշողությունը