Նախորդ գիշեր առնվազն 20 հրթիռ է արձակվել Սիրիայի հարավային դիրքերից Իսրայելի Գոլանի բարձունքների զինվորականների ուղղությամբ։

Իսրայելական կողմը մեղադրում է Իրանին հարձակման համար, որը որոշ փորձագետներ Սիրիայի՝ T4 ավիաբազայի վրա կատարած իսրայելական վերջին հարձակման Թեհրանի պատասխան են համարում, որի ընթացքում զոհվեցին մի շարք իրանցի զինվորականներ։

Telegram-ի որոշ պրոռուսական ալիքներ տարածեցին նկար՝ ցույց տալով հրթիռակոծության վնասները։ Բայց դրանք կեղծ են։

Ի պատասխան, Իսրայելի զինված ուժերը կրակ բացեցին Սիրիայի Արաբական բանակի և Ազգային պաշտպանության ուժերի դիրքերի ուղղությամբ Հադարի և Խան Արնաբահի մերձակայքում՝ հարավային Սիրիայում։
Ավելի ուշ Իսրայելը Սիրիայի 35 թիրախների ուղղությամբ ավիահարվածներ հասցրեց՝ ներառյալ երկրի հարավային մասը, Դամասկոսի արվարձանները և Հոմսը։
Սիրիական SANA գործակալության համաձայն, Սիրիայի ՀՕՊ-ը որսացել է իսրայելական տասնյակ հրթիռներ՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն թիրախներին։ Այնուամենայնիվ, որոշ հրթիռներ հասել են թիրախներին՝ հարվածելով մի շարք գումարտակների, ռադարների։
Լիբանանի զինված ուժերը հայտարարեցին, որ իսրայելական 4 ռազմական ուղղաթիռներ խախտել են Լիբանանի օդային սահմանը՝ Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ էր հասցնելիս։
Իր հերթին Իսրայելի Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարեց, որ Սիրիայի տարածքում գտնվող գրեթե բոլոր իրանական ենթակառուցվածները ոչնչացվել են։
«Մենք թույլ չենք տա, որ Իրանը Սիրիան վերածի ռազմաճակատի Իսրայելի դեմ գործելու համար։ Սա մեր հստակ քաղաքականությունն է, և մենք հետևում ենք դրան»,- ասել է նա՝ հավելելով,- եթե մենք ստանանք հրթիռային անձրև, ապա իրենք փոխարենը կստանան ջրհեղեղ»։
Լիբերմանի խոսքով՝ իրանցիները մտադիր էին հարձակվել Իսրայելի տարածքի վրա, բայց որևէ հրթիռ չի վնասել Իսրայելին։ Որոշներն ընկել են Սիրիայում, որոշներն էլ չեզոքացվել են։ «Մենք իրանական բոլոր ենթակառուցվածքների վրա հարվածներ ենք հասցրել»,- եզրափակել է Իսրայելի Պաշտպանության նախարարը։
Իր հերթին Իսրայելին աջակցում է ԱՄՆ-ը։
«Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանի ռեժիմը չի կարող վստահելի լինել։ Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու ինքն իրեն, և մենք աջակցում ենք նրանց ամեն կերպ»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Հաքաբի-Սանդերսը։
Նշենք, որ վերջին հարձակումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի գործարքից։

Աղբյուրը՝ southfront.org