ԿԱՐԻՆ — Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է, որ իր գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանը կամ Իրանն է, այլ ժողովուրդը։
«Եթե ինձ հարցնեք իմ դաշնակիցների մասին՝ նախագահի տեսանկյունից, ապա իմ գլխավոր դաշնակիցը սիրիացի ժողովուրդն է։ Իսկ եթե հարցնեք սիրիացիների դաշնակիցների մասին, ապա խոսքը իրանցիների և ռուսների մասին է։ Իհարկե, մեր դաշնակիցն է նաև Չինաստանը, որը Անվտանգության խորհրդում մեզ քաղաքական աջակցություն ցուցաբերեց։ Ինչ վերաբերում է երկրում դրանց ապագա դերին, այդ երկրները հարգում են Սիրիայի ինքնիշխանությունը և ազգային մակարդակով որոշումներ կայացնելը։ Այդ պատճառով անիմաստ է, որ այդ երկրները մասնակցեն Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու համար պատերազմին, իսկ հետո իրենք էլ խախտեն այն։ Իրանը և Ռուսաստանը Սիրիայի ինքնիշխանությունը մյուսներից ավելի շատ հարգող երկրներն են»,-հունական «Կատիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ասել է Ասադը։
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ առանց արտաքին միջամտության Սիրիայում կայունությունը վերականգնելու համար մեկ տարուց քիչ ժամանակ է անհրաժեշտ։ Ես դրանում չեմ կասկածում։ Լուծման ուղին այն է, որ մենք կդադարեցնենք այս հակամարտությունը և կվերամիավորենք Սիրիան՝ կառավարության վերահսկողության ներքո։ Ե՞րբ։ Ես չեմ կարող պատասխանել։ Հույս ունեմ՝ շուտով»,-հայտարարել է Սիրիայի նախագահը։
Ասադը հայտարարել է նախագահի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին, եթե այլևս չստանա սիրիացի ժողովրդի աջակցությունը։