Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ իր երկիրը կսկսի միջուկային զենքի մշակման աշխատանքները՝ Իրանի հետ գործարքի տապալվելու դեպքում, հայտնում է CNN-ը:

Ալ-Ջուբեյրը հաստատել է, որ իրանական հարվածից պաշտպանվելու համար իր երկիրը պատրաստ է ստեղծել սեփական միջուկային ռումբը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից և որ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն Իրանի դեմ:

Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ն անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:

«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև»,- ասել է Ռոհանին:

Նա նաև նախազգուշացրել է, որ Իրանը կարող է շաբաթների ընթացքում վերսկսել ուրանի հարստացումը՝ «առանց որևէ սահմանափակումների»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան զղջում են ԱՄՆ նախագահի որոշման համար: