Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանը շատ է ուզում հոգևոր երաժշտության իր մշակումները հնչեն իր նախնիների հայրենիքում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում:
Տիգրանի նախնիները Կարսից են: Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա Ալեքսանի և 19-ամյա Հռիփսիմեի ամուսնությունը, իսկ 1907-ի հունիսի 1-ին՝ նրանց առաջնեկի՝ Ցոլակի ծնունդը:

Կարսի Բաշքադիկլար գյուղի 1907թ. Չափաբերական մատյան, որում գրանցված է Ալեքսանի և Հռիփիսմեի առաջնեկի՝ Ցոլակ Հայրապետյանի ծնունդը:
Աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվ

Ջարդի տարիներին թուրքերը սպանել են Ալեքսանին, և Հռիփսիմեն մենակ է մնացել 3 երեխաների հետ: Անհայտ է, թե ինչպես, սակայն 1917-1918թթ. Հռիփսիմեն կարողացել է երեխաների հետ Կարսից  փախչել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)՝ իր հետ տանելով նաև  իր եղբոր և տեգոր որբ մնացած երեխաներին:
«Երբեք չի պատմել մանրամասներ.երգում էր ու լացում: Միայն մի դրվագ եմ հիշում, որ ասում էր  «փախեփախի» ժամանակ երեխեքը սոված էին, ստիպված էի դիակների վրայով գնալ-բարձրանալ դարման բերել, երեխեքին կերակրել»,- հիշում է Տիգրանի տատը՝ Մելանյա Ցոլակի Հայրապետյանը:
35-ամյա Հռիփսիմեն՝ չկարողանալով պահել իր հոգածության տակ մնացած 8 երեխաներին, իր ամենափոքր աղջկան՝ Սալաթին թողել է Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում. կարճ ժամանակ անց Սալաթը մահացել է որբանոցում:
«Հիմա եմ մտածում, թե ոնց է կարողացել իր սեփական երեխուն տալ որբանոց ու պահել եղբոր ու տեգոր որբերին: Սուգ ուներ հոգում, միշտ սեւի մեջ էր: Հետո իր տղաներից մեկն էլ անվերադարձ գնաց պատերազմ, մորս մահից հետո փոքր եղբորս էլ տատս մեծացրեց»,- մտորում է Տիգրանի տատը՝ տիկին Մելանյան:
Հռիփսիմե Ալեքսանյանը  կրթություն չի ստացել, բայց ժողովրդական բանահյուսության մեծ գիտակ է եղել, թոռների դաստիրակությամբ ինքն է զբաղվել. «Այնքան առակներ, խրատներ, ոտանավորներ ու հեքիաթներ՝ ամբողջն անգիր ասում էր: Մեր՝ իր թոռների դաստիարակությամբ ինքն է զբաղվել, ես մորս ինձ հետ անցկացրած ժամանակը չեմ հիշում, տատիկս է մեզ մեծացրել-դաստիարակել»,- պատմում է տիկին Մելանյան:

Ցեղասպանությունը վերապրած Հռիփսիմե Ալեքսանյանը թոռան՝ Ռաֆիկի հետ
Լուսանկարը՝ Համասյանների ընտանեկան արխիվից

Տիգրան Համասյանի մյուս մեծ տատը՝ Անժելա Օլթեցյանը, նույնպես Կարսից է: Ջարդերի ժամանակ նրա աչքի առաջ ամբողջ ընտանիքին սպանել են՝ միայն ինքն ու երկու քույրերն են կարողացել փրկվել:
«Սկեսուրս իր երկու քույրերի հետ Ալեքսանդրապոլի Պոլիգոնի որբանոցում է հայտնվել (այդ տարիներին Ալեքսանդրապոլում գործող Ամերիկյան նպաստամատույցի որբանոցներից մեկը-հեղ): Երկու քույրերին որբանոցից ուղարկել են Ամերիկա: Իսկ իրեն հետագայում որդեգրել է իր քեռին՝ տալով իր Բիշարյան ազգանունը»-պատմում է տիկին Մելանյան:

Ցեղասպանությունը վերապրած Անժելա Օլթեցյանը՝ ամուսնու և զավակների հետ
Լուսանկարը՝ 
Համասյանների ընտանեկան արխիվից

Չնայած Օլթեցյան քույրերը Ամերիկայից հարցումներ են ուղարկել Անժելային փնտրելու համար, սովետական տարիներն ու վախի մթնոլորտը խոչընդոտել են միմյանց գտնելը:
Տիգրան Համասյանը ցեղասպանությունից փրկված նախնիների պատմությունից շատ բան չգիտի. «Տատս պատմում է, որ մեծ տատս՝ Հռիփսիմեն, երբ մենակ էր լինում «Կռունկն» էր երգում ու լացում, նա ամբողջ կյանքում սև գլխաշորը չի հանել գլխից, իսկ մյուս տատս՝ Անժելան, էդպես էլ չի իմացել, որ իր քույրերն իրեն փնտրել են»:
Տիգրանի  վերջերս թողարկված «Ծաղրարմատ» սկավառակը տարբերվում է իր  մնացած ալբոմներից, այստեղ շատ է իր պատմությունը՝ «Յասամանը»՝ Տիգրանի մանկության տան բակի յասամանն է, «Երգ Մելանին և Ռաֆիկին»՝ տատին ու պապին է նվիրված, «Կարս»՝ դարերի վերքերը («Կարս 2»):
«Սա իմ փորձն է ինքս իմ մեջ նայելու, ինքս ինձ ճանաչելու, արմատներս հասկանալու: Պետք է բնությանը մոտ լինենք, փորձենք ճանաչել մեզ, մեր էությունը. բնությունը միշտ հաղթում է մարդկային բարդույթները: Այս ալբոմը մի տեսակ կարոտ ու կարոտախտ է մարդկայինի՝ դեպի հոգևորը, դեպի սիրառատը, դեպի արմատները. այն մի տեսակ զոհաբերություն ունի իր մեջ, զոհաբերություն հանուն  մարդակայինի ոգեշնչման»,-ասում է ֆոլկլորային իմպրովիզների վարպետ 28-ամյա Տիգրան Համասյանը:

ԼՈՅՍ Ի ԼՈՒՍՈՅ

Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ) Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին նվիրված նախագիծ է սկսում:
«Լոյս ի լուսոյ» խորագրով 100 համերգ է նախատեսվում, որի մեկնարկը կտրվի Երևանում մարտի 24-ին: Հնչելու է 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտություն՝ նոր մեկնաբանությամբ: Այս համերգաշարը ներառում է  Երևան-Ստամբուլ ուխտագնացություն՝ համերգներ նաև Ջավախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Ստամբուլում:

Տիգրան Համասյան
© PAN Photo / Վահան Ստեփանյան
«Ես շատ կուզեի մեր հոգևոր երաժշտությունը հնչեր Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում,սակայն անհնար է, որովհետև եկեղեցին վերածված է մզկիթի: Կարսում կունենանք համերգ, բայց ոչ եկեղեցում»,-ասում է Տիգրանը: Նա հույս ունի, որ գուցե մի օր իր երազանքն իրականություն կդառնա:
*Գլխավոր լուսանկարում. Տիգրան Համասյանը՝ իր Մելանյա տատիկի հետ
© PAN Photo / Վահան Ստեփանյան
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
https://100lives.com