«Ունենալ առանձին խորհրդարանական պալատ, որը կազմված կլինի այլ երկրների քաղաքացիներից, անթույլատրելի է»,- «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

Հարց։ Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը բարձրաձայնել է, որ իր կուսակցության ամենակարևոր ծրագրային նպատակը (և իր նպատակը) Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելն է, որի պալատներից մեկը բաղկացած կլինի միայն սփյուռքի ներկայացուցիչներից։ Ինչպե՞ս եք գնահատում նման նախաձեռնությունը։

-Բացասական։ Լավագույն դեպքում այդ երիտասարդը դույզն-ինչ պատկերացում չունի ոչ հայկական սփյուռքի, ոչ ազգային անվտանգության կարգերի, և ոչ էլ այնպիսի հասկացությունների մասին, ինչպես պետական ինքնիշխանությունը և անկախությունն է։ Նման մտայնությունն ինքնին հակապետական է։ Խորհրդարանում ունենալ առանձին պալատ՝ կազմված այլ պետությունների քաղաքացիներից, ոչ միայն անարդյունավետ է, այլև պարզապես անթույլատրելի՝ բազմաթիվ այլ պատճառներոից ելնելով։

Հարց։ Ինչպե՞ս օրինակ։ Եկեք բացենք փակագծերը․․․

-Նախ և առաջ, այլ երկրների քաղաքացիներն իրենց պետությունների առջև ունեն հստակ պարտավորություններ․ դա կլինի ազգային շահեր, օրենքներ, լեզու և մշակույթ, որոնք նրանք օրենքով պետք է հարգեն։ Բայց չէ՞ որ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը շատ հաճախ չեն համընկնում այլ պետությունների շահերի հետ, այդ թվում նաև՝ սակավաթիվ դաշնակից պետությունների հետ։ Հայաստանի և տվյալ երկրի շահերի բախման պարագայում, սփյուռքի այդ ենթադրյալ հայ խորհրդարականները կպաշտպանեն վերջինի շահերը։ Օրինակ՝ ամերիկահայերը կպաշտպանեն և առաջ կտանեն ամերիկյան շահերը, ռուսահայերը՝ ՌԴ-ի, իրանահայերը՝ Իրանի Իսլամական Պետության շահերը, թուրքահայերը՝ Թուրքիայի շահերը կպաշտպանեն և այլն։

Հարց։ Իսկ եթե ո՞չ։

-Հայաստանի շահերը հետևողականորեն պաշտպանելու պարագայում՝ նրանք այն երկրներում, որտեղի քաղաքացիներ են հանդիսանում և ունեն մշտական բնակություն, անհաղթահարելի խնդիրներ կունենան մինչև այն պահը, երբ ստիպված կլինեն արտագաղթել Հայաստան՝ դառնալով Հայաստանի քաղաքացիներ, ըստ այդմ՝ դադարելով ներկայացնել սփյուռքի որոշակի հատվածը: Պետք է հասկանալ, որ բոլոր պետություններն էլ ունեն բազմաթիվ լծակներ՝ ներազդելու իրենց հայ քաղաքացիների վրա, ում ընտանիքները, երեխաները, եկամտի աղբյուրները տվյալ երկրի տարածքում են։ Սրանք տարրական ճշմարտություններ են, որոնց մասին նույնիսկ անհարիր է, որ խոսի քաղաքական գործիչը, էլ չխոսենք, կառավարության անդամի մասին։

Երկրորդը՝ արտերկրում Հայաստանի խորհրդարանի համար ցանկացած տեսակի ընտրութուն անցկացնելու դեպքում այդ երկրների հատուկ ծառայությունները կարող են առանց հատուկ ջանք թափելու առաջադրել և անցկացնել իրենց մարդկանց։ Այսօրվա դրությամբ հայկական սփյուռքի ոչ մի կազմակերպություն Հայաստանի հանդեպ չի իրակացնում բացարձակ ազատ և անկախ քաղաքականություն, այդ թվում նաև՝ ցանկացած արտաքին քաղաքական հարցի վերաբերյալ։ Սա նույնպես տարրական ճշմարտություն է։ Հայաստանում վաղուց պետք է սկսեն Սփյուռքին և նրա առաջնորդներին դիտարկել ադեկվատ և ոչ թե վարդագույն ակնոցներով։ Երրորդը՝ ամբողջ աշխարհում անցկացնել արդար հայաստանյան խորհրդարանական ընտրություններ, ֆանտաստիկ է և անիրականանալի գաղափար միայն այն պատճառով, որ հայերը հիմնականում ապրում են ոչ կոմպակտ, այլ հակառակը՝ սարսափելի տարածված են։

Հարց։ Նախ և առաջ մեր տանը պետք է կարողանանք ապահովել արդար ընտրություններ․․․

-Հենց այդպես։ Մենք նախ պետք է սովորենք հայաստանյան խորհրդարանական ազնիվ և թափանցիկ ընտրություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ հետո արդեն երազենք մոլորակի մասշտաբներով համահայկական ընտրությունների մասին։ Պետք է նաև հաշվի առնել, որ արտասահմանի հայերը, լինելով մասնակի ասիմիլացված, թունդ ցանկություն չունեն մասնակցելու հայկական բովանդակությամբ ինչ-որ քաղաքական միջոցառումների։ Նրանց, ում մենք տեսնում ենք ցույցերին և բողոքի ակցիաներին Գլենդելում, Մոսկվայում կամ Փարիզում, աննշան փոքրամասնություն են կազմում սփյուռքում, որը հակառակ մեր կարծիքի ոչ այնքան մեր ուժն է, որքան՝ մեր թուլությունն ու ցավը։ Եթե գնանք սփյուռքից պատգամավոր նշանակելու ճանապարհով (ընտրությունների կամ այլ ձևաչափով), ապա վստահ եղեք, որ Սփյուռքում միշտ էլ կգտնվեն կազմակերպություններ և ուժեր, որոնք կհիմնավորեն նման նշանակումների կամայական և ոչ լեգալ լինելը։ Եվ չորրորդը։ Ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, երկրի ճակատագիրը որոշելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր հանդիսանում են այդ երկրի լիիրավ քաղաքացիներ և ապրում են տվյալ տարածքում։

Հարց։ Այլ կերպ չի՞ կարելի և չի՞ լինի։

-Չի կարելի և չի լինի։ Ո՞ր երկրում կարող եք գտնել խորհրդարան, որ երկու պալատներից մեկը բաղկացած է սփյուռքի պատգամավորներից, որը լիարժեք և հավասար հիմունքներով չի կատարում այդ երկրների քաղաքացիների օրենսդրորեն ամրագրված պարտականությունները: Ոչ մի տեղ։ Իսրայելում, Հունաստանում, Իռլանդիայում, որոնք նույնպես ունեն մեծ սփյուռք, նման խորհրդարան գոյություն չունի։ Ուստի, պետք չէ Հայաստանի Հանրապետության վրա փորձարկումներ անել և պետք չէ հերթական անգամ անիմաստ ալիք բարձրացնել հասարակության մեջ։

Կարելի է, իհարկե, տարաբնույթ այլ պատճառներ թվարկել, որոնք ցույց կտան, որ Սփյուռքի նախարարի և իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սփյուռքյան պալատով խորհրդարանի գաղափարը վտանգավոր են և հակասական, բայց, կարծում եմ, ասվածը բավարար է։ Ընդհանրապես, ԱԱԾ նորանշանակ պետը պետք է որ զբաղվի՝ պարզելով, թե այս նորաթուխ պետական գործիչների գլխում որտեղից է ծագել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության խախման և սահմանափակման գաղափարը։ Իրականում, ես շատ վախենում եմ, որ այդ փուչ խոսակցությունները տարվում են մեզ պետականաշինական իրական և ամենակարևոր խնդիրներից շեղելու համար։ Այսօր կառավարությունը պետք է զբաղվի ոչ թե հակապետական փորձարարություններով, այլ Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության խիստ տագնապալի վիճակը ամրապնդելու անհապաղ կազմակերպմամբ։

Աղբյուրը՝ golosarmenii.am