ԱՄՆ երկու պալատների օրենսդիրները ցանկանում են տուգանել ՆԱՏՕ-ի դաշնակցին ամերիկացի քահանային ձերբալելու և Ռուսաստանի հետ զինամթերքի գործարքի համար։ Հաղորդում է Al-monitor-ը։
Թերթը գրում է, որ կոնգրեսականների հիասթափությունը Թուրքիայի հանդեպ հասել է գագաթնակետին։
Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացման վախի պատճառով գործը ամիսներով հետաձգելուց հետո օրենսդիրները գործն իրենց ձեռքն են վերցրել։ Նախորդ շաբաթ օրինագիծ են առաջ քաշել, որը նախատեսում է կրճատել զենքի վաճառքը Թուրքիային ռուսական Ս-400 հակահրթիռային համակարգերի գնման պատճառով։ Սենատի ներկայացուցիչները նախատեսում են ավելի խիստ արգելանք առաջարկել։
Ավելին։ Մի շարք սենատորներ պնդում են, որ պատժամիջոցներ կիրառվեն թուրք պաշտոնյաների վրա ամերիկացի քահանային ձերբակալելու համար։ Մյուսները դատապարտում են Գազայում արյունահեղությունից հետո Թուրքիայի՝ Իսրայելին հանդիմանելը, ներառյալ Անկարայից Իսրայելի դեսպանի արտաքսումը և Թուրքիայի կողմից հրավիրված «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտահերթ նիստը։ Այս ամենն օր օրի ավելի է լարում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները։
Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեն մայիսի 11-ին օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում է խոչընդոտել Թուրքիային «խոշոր պաշտպանական զինտեխնիկայի» վաճառքը, մինչև Թրամփի վարչակազմի՝ ամերիկա-թուրքական ռազմական և դիվանագիտական հարաբերությունների վիճակի մասին զեկույցի ներկայացումը:
Կոմիտեի անդամները մտահոգություն են հայտնել Ս-400-ների վերաբերյալ, որոնք Թուրքիան ձեռք է բերել Ռուսաստանից, ի դեպ, վերջին խմբաքանակը ստանալու է 2019թ․ հուլիսին։
Այս հարցի շուրջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտահոգված է զենքի վաճառքի արգելանքի շուրջ։
«Ես իրավասու չեմ հաստատել որևէ երկրի որոշում, բայց ԱՄՆ-ի՝ մեզ վրա պատժամիջոցներ կիրառելու քայլերը անտրամաբանական են և սխալ»,- նշել է Չավուշօղլուն։
Ի դեպ, Ներկայացուցիչների պալատի զեկույցում ասվում է, որ Ս-400-ների վաճառքը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր ռազմական համակարգերի զարգացման վրա։
Զեկույցը Թրամփի վարչակազմին նաև առաջարկում է ներկայացնել այլընտրանքային պաշտպանության համակարգերի այն տեսակները, որոնք Թուրքիան կարող է ձեռք բերել Միացյալ Նահանգներից կամ ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցներից ռուսական Ս-400-ի փոխարեն։
Ներկայացուցիչների պալատը խնդրում է Թուրքիայի Ինջիրլիք ռազմաօդային բազայից «կատարված բոլոր ռազմական գործողություններին» գնահատական տալ, որոնք հանդիսացել են ԱՄՆ-ի կողմից Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ուղղված գործողության անբաժանելի մասը:
Նշվում է նաև, որ Զինված ուժերի կոմիտեն ցանկություն է հայտնել, որ ԱՄՆ մնա Ինջիրլիքում, բայց եթե Անկարան խոչընդոտի, ապա ԱՄՆ-ն արգելանք կդնի նաև Թուրքիային F-35s-երի վաճառքի վրա։ Ի դեպ, Թուրքիան ցանակնում է ավելի քան 100 F-35s-եր գնել ԱՄՆ-ից, և առաջին մատակարարումը սպասվում է արդեն հունիսի 21-ին։
Զինված ուժերի կոմիտեի անդամ Լանկֆորդի խոսքով՝ Թուրքիայի ռազմավարական որոշումներն ավելի ու ավելի են հակադրվում ԱՄՆ-ի շահերի հետ, և Էրդողանի ռեժիմին F-35-երի վաճառքը ռիսկային է։ Լանկֆորդը շեշտել է նաև ամերիկացի քրիստոնյա քահանա Էնդրյու Բրունսոնի ձերբակալման մասին՝ ընդգծելով, որ Թուրքիան վերջինիս փակի տակ է պահում քաղաքական բանակցությունների գործիք դարձնելու համար։
Հիշեցնենք, որ Ավետարանչական եկեղեցու քահանա Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի, հեղաշրջման փորձի ղեկավար համարվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար: