Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը շատ փորձագետներ աբսուրդային համարեցին, բայց Թրամփը հստակ նպատակ ուներ. վերադարձնելով երկու երկրների հարաբերությունների բացառիկ կարգավիճակը՝ նա ստացավ անհրաժեշտ արդյունք: Գրում է Forbs-ը:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարեց իր դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ: Բայց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1947թ. բանաձևի համաձայն, որոշում է կայացվել ստեղծել երկու երկիր երկու ժողովուրդների համար, իսկ Երուսաղեմը ճանաչել երեք ամենահնագույն համաշխարհային կրոնների կենտրոն՝ տալով նրան հատուկ ինքնավար կարգավիճակ: Բայց քաղաքի արևմտյան հատվածը, որ ղեկավավում է Իսրայելի կողմից 1948թ. անկախության համար մղվող պատերազմից հետո, դարձավ այդ երկրի կառավարության նստավայրը: Այսօր Իսրայելը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է որպես իր մայրաքաղաք՝ ներառյալ արևելյան հատվածը, որը միակողմանիորեն 1967թ.արաբա-իսրայելական պատերազմից հետո միացվել է: Հատկանշական է, որ սկզբում Թրամփը կոչ էր անում բոլոր կողմերին պահպանել սրբավայրերի հանդեպ հավասարակշռված դիրքորոշումը, որոնց մեծամասնությունը գտնվում է հին քաղաքում՝ Արևելյան Երուսաղեմում:
Կրկնելով նախորդ հայտարարությունները՝ նախագահը նշեց, որ ԱՄՆ կաջակցի երկու երկրների որոշումները, եթե կողմերը գան համաձայնության: Բայց գրեթե հաջորդ օրը վարչակազմը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ դժվար է մի իրավիճակ պատկերացնել, երբ Իսրայելը հաշտություն կնքի՝ չներառելով Արևմտյան հատվածը: Նախորդ տարվա դեկտեմբերին Թրամփը ցնցեց համաշխարհային հանրությանը՝ հայտարարելով, որ Ամերիկան ճանաչում է Երուսաղեմը՝ որպես Իսրայել պետության մայրաքաղաք, և որ Միացյալ Նահանգներն իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ ամենակարճ ժամկետների ընթացքում: Տեղափոխելով դիվանագիտական առաքելությունն այդ քաղաք՝ ԱՄՆ սկսեց ստատուս-քվոյի տապալման գործընթացը (ինչը հենց Թրամփն էր կոչ անում պահպանել)՝ ճանաչելով Սուրբ քաղաքը մի կողմի՝ Իսրայելի միակ և անբաժան մայրաքաղաք: Այդ քայլը գրգռեց ոչ միայն ներքին հակամարտությունը (հակապես Գազայի հատվածում), այլ արտաքին աշխարհում մեծ քննադատությունների տեղիք տվեց:
Եվրամիությունը չաջակցեց նախագահ Թրամփի որոշումը՝ հայտարարելով, որ նման միակողմանի քայլերը չեն խթանում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը: Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նույնպես կոչ արեց Իսրայելի ղեկավարությանը զսպվածություն ցուցաբերել Գազայի հատվածում ընթացող բողոքի ակցիաների հանդեպ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին անվանեց ահաբեկչական պետություն և ընդգծեց, որ Անկարան Թել Ավիվից հետ է կանչում իր դեսպանին:

Բայց թուրքերին ճնշելու համար Կնեսետը հայտարարեց 1915-1923թթ. տեղի ունեցած Hայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի շրջանառության մասին: Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության գործիքը վաղուց է կիրառվում տարբեր տերությունների կողմից Թուրքիային ճնշելու համար, որը ժխտում է Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայության մասսայական բնաջնջման փաստը:

Շատ ազդեցիկ փորձագետներ ևս աբսուրդային համարեցին Թրամփի որոշումը Երուսաղեմի հետ կապված: Միջազգային հանրությունը բավական քննադատաբար վերաբերվեց դեսպանատան տեղափոխության հարցը: Բայց ինչո՞ւ այդպես վարվեց Թրամփը: Պետքարտուղարի Մերձավորարևելյան հարցերով օգնական Դեյվիդ Սատերֆիլդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պարզապես ընդունեցին գոյություն ունեցող փաստը: Բայց նման մեկնաբանությունը շատ անորոշ է և դժվար թե կարողանա որպես բացատրություն ծառայել նման ռիսկային և ոչ խելամիտ որոշման համար, որը կարող է տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների խթան հանդիսանալ: Ո՞րն է իրական պատճառը:

ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները

Միջազգային հանրության մոտ տպավորություն կա, որ Ամերիկայի հարաբերություններն ունեն պատմական, քաղաքակրթական և քաղաքական արժեք: Բայց երբ խոսում ենք բացառիկ հարաբերությունների մասին, պետք է նշենք, թե խոսքը որ Ամերիկայի մասին է գնում: Պատմությունն այնպես է ձևավորվել, որ դեմոկրատական էլիտաները հրեական պետությանը զգուշավորությամբ են վերաբերվում: Իսրայելի անկախությանը վերաբերող քննարկումների ժամանակ Հարի Թրումենի վարչակազմում ազդեցության երկու խմբեր ձևավորվեցին: Առաջինը՝ իրատեսներն էին՝ պետքարտուղար Ջորջ Մարշալի գլխավորությամբ, ովքեր կարծում էին, որ Իսրայելի ճանաչումը կբարդացնի Ամերիկայի հարաբերություններն արաբական աշխարհի հետ և կխոչընդոտի մերձավորարևելյան նավթային և գազային պահուստներին մոտենալը: Երկրորդ խումբը ներկայացնում էին քաղտեխնոլոգները՝ Կլարկ Կլիֆորդի ղեկավարությամբ, ում քիչ էր հետաքրքրում արտաքին քաղաքականությունը: Նրա միակ խնդիրը Թրումենի երկրորդ անգամ ընտրվելն էր:
Դրական ելքի համար հարկավոր էր հաղթանակ տանել Նյու Յորքի շրջաններում, որը հիմնականում հրեաներով էր բնակեցված: Նրանք էլ Կլիֆորդին խոստացել էին, եթե Թրումենը ճանաչի Իսրայելի անկախությունը, վերջինս կհաղթի այդ շրջաններում: Արդյունքում՝ Կլիֆորդի գաղափարները հաղթեցին, և Թրումենը ստացավ հրեաների ձայները: Բայց ավելի ուշ Թրումենն աջակցեց Մարշալի նախաձեռնությանը և հատուկ հրաման արձակեց, որում նշվում էր, որ Միացյալ Նահանգները կողմ են «երկու ժողովուրդների համար, երկու պետության» ձևավորմանը: Մյուս դեմոկրատ նախագահներն էլ չափազանց պրագմատիկ էին ընդունում Իսրայելին՝ վերջինիս չտալով հատուկ կարգավիճակ:
Չմոռանանք, որ դեմոկրատ Օբաման Իրանի հետ համաձայնագիր կնքեց, ով համարվում է Իսրայելի գլխավոր հակառակորդը՝ դրանով իսկ փակուղու մեջ մտցնելով հրեական պետության հետ հարաբերությունները: Բայց խնդիրը Օբաման չէր, այլ Ամերիկայում լիբերալ հրեաությունը, ովքեր Դեմոկրատական կուսակցության լուրջ էլեկտորատն են հանդիսանում, Իսրայելի արտաքին քաղաքականությունը չափազանց ագրեսիվ են համարում:

Հատուկ կարգավիճակ

Ավետարանչական կրոնական գործոնը հանդիսանում է պահպանողական Ամերիկայի գաղափարական հենքը, ինչը ինքնաբերաբար ստեղծում է Իսրայելի համար բարենպաստ լոբբիստական պայմաններ: Ավետարանչական Ամերիկան Մերձավոր Արևելքը դիտարկում է Սուրբ Գրերի տեսանկյունից և բնականաբար հանդիսանում է Իսրայելի պաշտպանը:
Նույնիսկ հայտնի քահանա Պետ Ռոբերտսոնը, ում Բուշ կրտսերն իր հոգևոր խորհրդականն էր անվանում, վստահ էր, որ Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի ծանր կաթված ստանալը «աստծո պատիժն էր Գազայի հատվածից Իսրայելի հեռացման համար»:
Հենց այս պահպանողական հատվածը, որ ստացել են «քրիստոնյա սիոնիստներ» անվանումը, հանդիսանում են Ամերիկայում իսրայելական շահերի պաշտպանը, ովքեր կազմում են ամերիկյան հասարակության 26,3%-ը:

Դրամական հարցերը

Հրեական ծագմամբ պահպանողականների ֆինանսական կարգավիճակը ևս մի պատճառ է, որ հանրապետականներն այդպիսի վերաբերմունք ունեն Իսրայելի հանդեպ: 30 տարվա ընթացքում կուսակցությանը հովանավորում են այնպիսի միլիարդերներ, ինչպիսիք են Պոլ Սինգերը, Ստիվեն Քոենը, Նորման Բրամանը, Շելդոն Ադլսոնը, ով Թրամփի փեսայի հետ լավ հարաբերություններ ունի և այլն: Վերջինս հանրապետականներին դաշնային ընտրություններ անցկացնելու համար տրամադրել է 82 մլն դոլար: Հայտնի է, որ այդ գումարից 30 մլն դոլարը գնացել է Թրամփի ֆոնդերին: Հարկ է նշել, որ պրոիսրայելական կազմակերպությունները Կոնգրեսի ընտրությունների վրա ծախսել են 320 մլն դոլար, 195 մլն դոլար ծախսել են նահանգապետերի ընտրությունների, իսկ 78 մլն դոլար՝ ՏԻՄ ընտրությունների վրա:
Ակնհայտ է, որ նման խոշոր ներդրումները չեն կարող չազդել քաղաքական նախընտրությունների վրա: Հենց այդպես հանրապետականները դարձան Իսրայելի գլխավոր լոբբիստները: ԱՄՆ նախագահն այդ իմաստով բացառություն չէ: Լինելով հանրապետական՝ նա պահելու է ամերիկա-իսրայելական հարաբերությունների և երկխոսության ընդլայնման գիծը բոլոր հնարավոր ուղղություններով:
Ինչպես էլ որ ընթանան իրադարձությունները, Թրամփն արդեն հասել է իր երկու գլխավոր նպատակներին՝ ապահովել իրեն և կուսակիցներին ավետարանչականների ձայներով, հրեա բիզնեսմենների դրամական միջոցներն ուղղել նոյեմբերին սպասվող Կոնգրեսի ընտրությունների և 2020թ. նախագահական ընտրարշավի վրա: Չմոռանանք նաև այն, որ Թրամփը վերադարձրեց Իսրայելի բացառիկ կարգավիճակը, որն Օբամայի օրոք վերացվել էր:

Աղբյուրը՝ forbes.ru