ԿԱՐԻՆ — Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասներ է ներկայացնում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտահերթ գագաթաժողովի և սպասվող քայլերի մասին։

«Ստամբուլում տեղի է ունեցել «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտահերթ 7-րդ գագաթաժողովը։ Մասնակցում էին Աֆղանստանի, Գվինեայի, Իրանի, Քաթարի, Քուվեյթի, Մավրիտանիայի, Սուդանի, Հորդանանի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդները։ Ինդոնեզիան և Գամբիան ներկայացված էին նախագահի տեղակալի մակարդակով։ Պաղեստինը, Ղրղզստանը և Պակիստանը ներկայացնում էին վարչապետերը, իսկ խորհրդարանի խոսնակի մակարդակով էին մասնակցում Ուզբեկստանը, Ալժիրը և Սուդանը։ 15 պետություն ուղարկել էր ԱԳ նախարարներին և այլն։

Ինչպես և սպասվում էր, ֆորումի ընթացքում տարբեր ձևաչափով Իսրայելին հասցեագրվեցին տարաբնույթ մեղադրանքներ։ Գագաթաժողովի արդյունքներով հայտարարություն տարածվեց։ Հայտարարության մեջ կողմերն իրենց մտահոգությունն էին հայտնում «Պաղեստինի բռնազավթված հողերում» լարվածության աճի շուրջ։ ԻՀԿ-ի անդամ երկրները վճռականորեն դատապարտեցին «Իսրայելի բանակի հանցավոր գործունեությունն ընդդեմ անզեն պաղեստինցիների», ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում «ընդդեմ հայրենի հողերի բռնազավթման», հիմնականում Գազայի հատվածում։ Բանաձևում ընդգծվում է, որ Իսրայելի «վայրագություններն ու հանցագործությունները» հնարավոր են դարձել ԱՄՆ աջակցությամբ։ Հատուկ ուշադրություն է հրավիրվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Վաշինգտոնի կողմից Իսրայելի շահերի պաշտպանության վրա։

Կողմերը դիմում էին նաև միջազգային հանրությանը, գլխավորապես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամներին, իրականացնելու միջազգային իրավունքի նորմերի պաշտպանության պարտավորությունները։ Առաջարկվում էր հրատապ քայլեր ձեռնարկել և անկախ միջազգային հանձնաժողով ձևավորել «իսրայելական զինվորականների կողմից իրականացված հանցագործությունների և մասսայական սպանությունների հետաքննության» հարցով՝ հետաքննության արդյունքները միջազգային արտյաններ փոխանցելու պայմանով։

Բայց մեր տեսանկյունից կարևորը գագաթաժողովի ընթացքում մասնակիցների կոչն էր միջազգային հանրությանը, որ վերջիններս ապահովեն Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ Պաղեստին ուղարկել խաղաղապահ ուժեր։

Մասնակից պետությունները աշխարհի բոլոր երկրներին կոչ արեցին Պաղեստինում տիրող իրավիճակը անհապաղ քննարկել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, Անվտանգության Խորհրդում և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդում։ Նրանք հայտարարեցին, որ միաձայն մերժում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշումը, ինչպես նաև դատապարտում են ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը։ Բանաձևում խոսվում է նաև քաղաքական և տնտեսական պատժամիջոցների մասին, որոնք կկիրառվեն այն երկրների դեմ, որոնք Երուսաղեմը կճանաչեն Իսրայելի մայրաքաղաք և իրենց դեսպանատները կտեղափոխեն այնտեղ։

Բայց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կոչը, քաղաքական և առևտրային սահմանափակումներ դնել ԱՄՆ-ի և Իսրայելի վրա, աջակցություն չստացավ։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում, չնայած Երուսաղեմի կարգավիճակի շուրջ առկա բոլոր ընդդիմութուններին, ամեն դեպքում հարաբերությունների նոր համակարգ և ազդեցության գոտիներ է ձևավորվում։

Այնպես որ, տեղի ունեցած գագաթաժողովը, ինչպես էլ որ մտածեն Անկարայում կամ իսլամական աշխարհի այլ մայրաքաղաքներում, ոչ մի կերպ «պատմական» համարել չի կարելի։ Բայց կան հստակ արդյուքներ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի հստակ նախանշեց իր առաջնորդությունը տարածաշրջանում»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2417683.html