Հազիվ թե մի տարի է անցել, ինչ Իրաքի քրդերը Իսրայելի կողմից հովանավորվող անկախության հանրաքվե անցկացրին, այժմ Թել Ավիվից լուրեր են տարածվում, որ մտադիր են աջակցել քրդական ապագա պետությանը։ Հաղորդում է Sputnik-ը։
Գործակալությունը գրում է, որ Իսրայելի պատգամավորները օրինագիծ են քննարկում, որով ուրվագծվում են այն միջոցները, որոնցով Իսրայելը կօգնի քրդերին պետություն կազմավորել Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի (հայկական հողերի վրա) տարածքներում։
Իսրայելի ռադիոկայաններից մեկի համաձայն՝ օրինագիծը Քնեսետ ներկայացվել է իսրայելական աջակողմյան երկու կուսակցությունների կողմից։ Ռադիոն մեջ է բերում Յոավ Քիշի խոսքերը, որտեղ ասվում է՝ քրդական փոքրամասնությունների շարժումները վերոնշյալ երկրներում աջակցություն կստանան Իսրայելի կողմից։
«Հենց այնպես չէր, որ Իրաքում քրդերի անկախությանն ուղղված շարժումն առաջինը ողջունեց Իսրայելը»,- հավելում է Քիշը։
Նշենք, որ 2017-ին Իսրայելը միակ երկիրն էր, որն աջակցում էր քրդական հանրաքվեն, որը նախատեսում էր քրդական տարածքների անջատումը Իրաքից․ մի երևույթ, որը ողջ աշխարհում մեծ քննադատության արժանացավ։

Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Թել Ավիվը աջակցում է «քուրդ ժողովրդի սեփական պետություն ունենալու օրինական ջանքերին»։ Բացի քաղաքականապես թիկունք լինելուց, Իսրայելը նաև քրդական նավթի գլխավոր գնորդն էր, իսկ 2017-ին՝ տարածաշրջանում առաջատար ներդրողը։

Հիշեցնենք, որ Իրաքյան Քրդստանի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն տարածաշրջանում մեծ փոփոխությունների պատճառ դարձավ։ Ընտրողների 90 տոկոսը կողմ էին քվեարկել Բաղդադից անկախանալուն։ Բայց Իրաքի իշխանությունները հանրաքվեն անօրինական ճանաչեցին,։ Թուրքիան և Իրանն իրենց հերթին քննադատեցին հանրաքվեն և սպառնացին կիրառել կոշտ պատժամիջոցներ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի վրա։

Աղբյուրը՝ sputniknews.com

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Armenia_and_Kurdistan-20.09.2017.pdf