ՕԳՈՍՏՈՍԻ 7.2015, ԵՌԱԲԼՈՒՐ -1 ՕԳՈՍՏՈՍԻ 7.2015, ԵՌԱԲԼՈՒՐ -2

Օգոստոսի  7-ը Նորագույն զինյալ-ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրն է, որն ամեն տարի Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում, նշում են Հայաստանի Հանրապետությունում հաստատված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի մարտիկները, նրանց համակիրները, ընկերներն ու գործընկերները:

1982 թ. օգոսոտսի 7-ին ՀԱՀԳԲ-ի (ASALA-ի) «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը զինյալ հարձակում իրականացրեց Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանի ոստիկանատան բաժանմունքի վրա ու պայթեցրեց այն: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ եւ շարքայիններ, ինչպես նաեւ մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին: Իշխանությունները օդանավակայան բերեցին հայ հոգեւորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:
Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. Հայ մարտիկները պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց եւ ուշագնաց վիճակում գերի ընկավ Լեւոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 եւ վիրավորվեց 113 մարդ: Հետագայում թուրքական դատարանի կողմից մահվան դատապարտված Լեւոն Էքմեկչյանը կախաղան հանվեց թուրքական բանտում…
Դրանից հետո ամեն տարի այդ օրը նշվում է որպես նահատակների հիշատակի օր:
——————-
ՀԱՀԳԲ-ն (ԱՍԱԼԱ) հրապարակ է իջել 1975-ին` նպատակ ունենալով ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1894-1923 թթ. հայերի նկատմամաբ իրականացված ցեղասպանությունը եւ բռնագրավված Արեւմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։
ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրք դիվանագետների, պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաեւ այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք պաշտոնապես ներկայացնում էին թուրքական պետությունը։
1975-79 թթ. կազմակերպությունը ռազմական գործողություններ է իրականացրել Թուրքիայի Հանրապետության Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, եվրոպական ու միջինարեւելյան երկրների մայրաքաղաքներում : ՀԱՀԳԲ-ի հայտնի մարտիկներից էին Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնեւի հյուրանոցներից մեկում` ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնեւում թուրքական դեսպանատան զինվորական կցորդի սպանության մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գեւորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրացործել են «Վան» գործողությունը` Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նաիրյանը, Հովհաննես Մեմերջյանը, դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, պատիժը կրել ֆրանսիական բանտերում:
1980-ական թթ. սկզբին ՀԱՀԳԲ կրել է ծանր հարվածներ ու կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը եւ Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը եւ ուրիշներ։
1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը` առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։ ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87, 1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն։ 1991-ից միայն հայերեն` «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» եւ «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։
Տիգրան Փաշաբեզյան
ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ, Նորագույն զինյալ-ազատագրական պայքարի մի շարք պարբերականների, այդ թվում` «Ուխտ Արարատիi» խմբագիր

http://nt.am/am/news/208987/#sthash.SF2dAOD3.dpuf