Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Անդրկովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես տարածաշրջանի երկրների հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության մեծացմանը՝ հակաիրանական քարոզչության շրջանակներում։

«Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու մասին, ակնհայտ դարձավ, որ Մերձավոր Արևելքում ամերիկացիների հակաիրանական քաղաքականությունը կայուն բնույթ կստանա։

Օրեր առաջ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուրետը հայտարարել է ընդդեմ Իրանի լայն կոալիացիայի ձևավորման մասին, որում Վաշինգտոնը մտադիր է պաշտպանել իր դաշնակիցներին։ Իհարկե, դեռևս չի հաղորդվում, թե որ երկրները կմտնեն կոալիցիայի մեջ։ Բայց հավանաբար խոսքը կարող է գնալ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մի շարք նավթային միապետությունների մասին։ Բացի այդ, ԱՄՆ-ին հարկավոր է կոալիցիայի մեջ մտցնել նաև Անդրկովկասի պետություններին, որտեղից հարմար է ընդդեմ Իրանի գործողություններ իրականացնել։

Հենց այստեղից էլ սկսվում է տարածաշրջանի հանդեպ ամերիկյան հետաքրքրությունների վերածնունդը։
Այս կոնտեքստում, իհարկե ուշագրավ է այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ իր Ադրբեջանի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին, նամակ ուղարկեց, որում ասված է․ «Առաջիկա ամիսները հնարավորություններ կբացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, ինչն առավել լավ հնարավորություններ կստեղծի ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար: ԱՄՆ-ն անկեղծորեն ցանկանում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր համագործակցել ղարաբաղյան հակամարտության շարունակական կարգավորման համար»։

Մյուս կողմից, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության և հարթակում Նիկոլ Փաշինյանի հայտնվելու վրա Սպիտակ Տան վարչակազմը մեծ հույսեր է կապում։ ԱՄՆ-ն նույնիսկ փորձում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը կազմակերպել։ Այս ձևաչափի գաղափարն այն է, որ երկու երկրների առաջնորդներին իր կողմ քաշի՝ նրանց առաջարկելով հակամարտության կարգավորմանիր սեփական նախագիծը։

Ռեգնումի տվյալներով, ամերիկացիներն ուզում են ստիպել հակամարտող կողմերին՝ Բաքվին և Երևանին, վերանայել և հասկանալ հակամարտության բնույթը՝ այն բերելով աշխարհաքաղաքական շահերի ոլորտ՝ նախ և առաջ, հաշվի առնելով էներգետիկ ռեսուրսների տեղափոխման ուղիները, որոնք կշրջանցեն Ռուսաստանը՝ Մոսկվային զերծ պահելով տարածաշրջանային ազդեցության իրական և պոտենցիալ լծակներից:

Իսկ ամերիկացիները, Իրանի միջուկային ծրագրից դուրս գալով, ասես հայտարարում են Ադրբեջանի գլոբալ դերակատարության մեծացման մասին։ Այնպես որ, Թիֆլիսին և Բաքվին ընդհանուր դաշինք մտցնելը բարդություն չէ ԱՄՆ-ի համար։ Բայց խնդիրն այլ է․ Հայաստանին Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելը հնարավոր է միայն Վաշինգտոնի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման բանաձևով։

Մինչ օրս քիչ հայտնի է, թե կոնկրետ ինչպես է այդ սցենարն իրագործվելու, բայց այդ ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվում են։ Ակնհայտ է, որ ԱՄՆ մտադիր է Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի իրավիճակը միավորել ընդդեմ Իրանի։ Ուստի, Վաշինգտոնի դիրքորոշումն այս տարածաշրջանի պետությունների հանդեպ շարունակ փոխվելու է տարածաշրջանում ամերիկյան ողջ ռազմավարության փոփոխման կոնտեքստում։

Մեկ այլ հարց է, որ Վաշինգտոնը, դժվար թե, հիմա վճռի պատերազմել Թեհրանի հետ։ Հավանաբար Վաշինգտոնը կփորձի Մերձավոր Արևելքը և Անդրկովկասը պահել լարված վիճակում՝ փոխանցելով անկայունթյունը Իրանի վրա՝ փորձելով ճնշել վերջինիս։ Բայց չի կարելի նաև բացառել Անդրկովկասում Իրանի ուղղությամբ «երկրորդ ճակատի» բացման հավանականությունը»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2421690.html