Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Նշվում է, որ կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և համագործակցության ձգտման հանձնառության մասին: Դամասկոսը և Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսը և Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Աբխազիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ երկրի նախագահ Ռաուլ Հաջիբը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստորագրելու են միջպետական համաձայնագիր՝ շեշտելով, որ Սիրիայի կողմից Աբխազիայի ճանաչումը մեծ կարևորություն ունի Աբխազիայի համար։
Վրաստանի արձագանքը չուշացավ։ Վերջինս Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու գործընթաց է սկսել: Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Դավիդ Դոնդուան։
Սիրիայի այս քայլը դատապարտեցին նաև Եվրամիության արտաքին գերատեսչությունը և ԱՄՆ պետդեպը։
«Վրաստանից տարանջատված շրջանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Սիրիայի որոշումը խախտում է միջազգային օրենքը, ինչպես նաև տարածքային ամբողջականության սկզբունքը»,-ասվում է ԵՄ-ի հաղորդագրությունում։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթն իր հերթին նշեց, որ սա անխոհեմ որոշում էր, որը ոչ մի կերպ չի փոխում իրականությունը։
Հիշեցնենք, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելով՝ Սիրիան պաշտոնապես դարձավ հինգերորդ պետությունը, որն այդ շրջանները վրացական չի համարում։