ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Մանբիջ քաղաքի շուրջ որևէ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել։

«Թուրքիայի իշխանությունների հետ դեռ որևէ համաձայնության չենք եկել։ Մեր քննարկումները շարունակվում են», — ասել է Նոյերթը։

Նա հաստատել է, որ թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբը Սիրիայում միասնական գործողությունների նախնական քարտեզ է կազմել արդեն, և Մանբիջը նույնպես գտնվում է գծված տարածքների շրջանում։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան հատուկ աշխատանքային խումբը սիրիական Մանբիջում Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ընդհանուր գործողությունների պլան է մշակել։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ տվյալ ծրագիրը կքննարկվի հունիսի 4-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը։