Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Արևմուտքի երկրներին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեղադրել է հանրապետությունում քաղաքական կարգավորումը խաթարելու փորձերի մեջ։ Այս մասին Սիրիայի նախագահն ասել է RT-ին տված հարցազրույցում։

«Միացյալ Նահանգները դա անում են և՛ ահաբեկչական խմբավորումներին աջակցելով, և՛ օգնելով, որ նրանց նոր ուժերը ներթափանացեն Սիրիա, և՛ քաղաքական գործընթացը խոչընդոտելով։ Մեր խնդիրն է նրանցից արագ գործելը։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցում մենք հաջողություն կունենանք»,-նշել է Ասադը։
Սիրիայի առաջնորդն ասել է, որ պատերազմից սարսափելի ոչինչ չկա, սակայն ահաբեկիչների հետ պայքարում պետք է միայն ուժ գործադրել, քանի որ նրանց համար երկխոսությունն անընդունելի է։
Ինչ վերաբերում է Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությանը՝ Ասադն ասել է, որ Հալեպի, Դեյր էլ-Զորի, Հոմսի և Դամասկոսի ազատագրումից հետո «ԱՄՆ-ի խաղաքարտերը պակասել են»։

«Ամերիկացիները պետք է հեռանան, և վաղ թե ուշ, դա տեղի կունենա։ Նրանք առանց որևէ իրավական հիմքի Իրաք ներխուժեցին և տեսեք, թե արդյունքում ինչ ստացվեց։ Նրանք պետք է եզրակացություններ անեն։ Իրաքը բացառություն չէ և Սիրիան նույնպես։ Մեր տարածաշրջանի ժողովուրդներն օտարերկրյա միջամտություն այլևս չեն հանդուրժի»,-եզրափակել է նա։