Ստամբուլում 2018–ի ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի մասնակիցների դեմ հետաքննությունը դադարեցվել է դատարանի որոշմամբ։
«Ակոս»-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու և ազատ արձակելու որոշում է կայացրել։

Դատարանը որոշումը հիմնավորել է «ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի ազատության շրջանակներում օգտագործելու հնարավորությամբ։
Նշենք, որ այս տարվա ապրիլի 24–ին Ստամբուլում կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ բռնած ակտիվիստների։

Դատախազությունը նրանց մեղադրանք էր ներկայացրել «ժողովրդի մեկ այլ հատվածի նկատմամբ քեն ու ատելություն սերմանելու մեջ»։

Աղբյուրը՝ http://www.agos.com.tr/tr/yazi/20712/savcilik-soykirim-demek-suc-degil

Հիշեցնենք, որ 1917թ. Դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: