Երեսունհինգ տարի առաջ Անկարայում մահապատժի ենթարկված ԱՍԱԼԱ-ի գործիչ Լևոն Էքմեքչյանի ոսկորների փոխարեն Թուրքիան Էքմեքչյանների ընտանիքին է հանձնել 55-ամյա անհայտ կնոջ ու շան ոսկորներ, այս մասին գրում է «Ակօս»-ը։

Ինչպես հայտնի է՝ դեռևս 2016 թվականի հունվարի 8-ին Էքմեքչյանի աճյունի մնացորդներն արտահանձնվել են նրա՝ Ֆրանսիայում բնակվող ընտանիքին։ Արտահանձնման իրականացման գործում մեծ դեր է խաղացել Human Rights Association-ի Թուրքիայի գրասենյակը։

Այն ժամանակ գրասենյակի ղեկավար Մերալ Չըլդըրը նշել էր․ «Էքմեքչյանի գերեզմանը մատնանշող որևէ նշան, քար կամ փայտի կտոր անգամ չկար։ Մոտավորապես մեկուկես ժամվա պեղման աշխատանքներից հետո կարողացանք հասնել ոսկորներին։ Հայերի կրոնական ու ազգային ավանդույթի համաձայն՝ մահացածը թաղվում է դագաղով, մինչդեռ Էքմեքչյանին հուղարկավորել էին առանց դագաղի»։

Հանձնված ոսկորներն Էքմեքչյանի ընտանիքին հասնելուց հետո վերջիններս ԴՆԹ թեստ են ցանկացել անցկացնել։

Երկու տարվա ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ ընտանիքին հասած ոսկորները Լևոն Էքմեքչյանին չեն պատկանում, ավելին՝ ոսկորները պատկանում են մոտ 55 տարեկան, 1,45 մ հասակով անհայտ կնոջ, եղել են նաև շան ոսկորներ։

Human Rights Association-ի Թուրքիայի գրասենյակից հայտնել են, որ ենթադրյալ գերեզմանի վայրը նորից կենթարկվի ուսումնասիրության։

Նշենք, որ Լևոն Էքմեքչյանը մահապատժի է ենթարկվել 1983թ.-ի հունվարի 28-ին: Նրա դին ամփոփված է եղել Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը: Լևոն Էքմեքչյանը վիրավորվել և ձերբակալվել է 1982թ.-ի օգոստոսի 7-ին, Անկարայի Էսենբողա օդանավակայանում, ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» ջոկատի կողմից իրականացված «Կարին» գործողության ժամանակ:

Աղբյուրը՝ http://www.agos.com.tr/tr/yazi/20733/ekmekciyan-in-kardesi-bize-bir-kadin-ve-kopegin-kemikleri-teslim-edildi