Թուրքիայում ինֆլյացիայի իրական մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է պաշտոնապես հրապարակված տվյալներից։ «Forbes» ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ Թուրքիայում ինֆլյացիայի մակարդակն իրականում 39․2 տոկոս է, այսինքն՝ 3․6 անգամ ավելի բարձր է հրապարակված 10․85 տոկոս ցուցանիշից։
«Մայիս ամիսը թուրքական լիրայի համար դաժան էր։ Լիրան ամերիկյան դոլարի համեմատ 15 տոկոսով արժեզրկվեց։ Դա շատ մեծ և կարևոր տեղաշարժ է։ Նախկինում էլ ես բազմիցս նշել եմ, որ լիրան Էրդողանի աքիլեսյան գարշապարն է։
Այն բանից հետո, երբ Էրդողանը 2014թ․ օգոստոսին նախագահ դարձավ, թուրքական լիրան դոլարի նկատմամբ 55 տոկոսով արժեզրկվել է։ Իսկ միայն մայիսի 14-ից հետո, երբ Էրդողանը հայտարարեց, որ պատրաստվում է ստանձնել Թուրքիայի ֆինանսական քաղաքականության ղեկավարությունը, լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 10 տոկոսով», -ասված է հոդվածում։
Աղբյուրի համաձայն՝ լիրայի արժեզրկմանը զուգահեռ Թուրքիայում աննախադեպ աճել է ինֆլյացիայի մակարդակը։ Հոդվածի հեղինակը գրում է, որ որևէ երկրում տեղական արժույթի և ԱՄՆ դոլարի հարաբերակցության փոփոխությունները կարելի է արդյունավետ կերպով օգտագործել՝ տվյալ երկրում ինֆլյացիայի վերաբերյալ վստահելի կանխատեսումներ անելու համար։ Դա հնարավոր է անել մասնավորապես գնողունակության համարժեքության հաշվարկման մեթոդով։
Հենց այդ մեթոդի օգնությամբ հեղինակը հաշվարկել է լիրա / դոլար փոխարժեքում գրանցված տատանումների ֆոնին Թուրքիայում ինֆլյացիայի մակարդակի տատանումները՝ օրական և տարեկան կտրվածքով։
«Հաշվի առնելով ինֆլյացիայի մակարդակը՝ տոկոսադրույքները ևս պետք է բարձրացվեն մինչև 40 տոկոս և ավելի։ Քանի դեռ Էրդողանն է ղեկավարում Թուրքիան այս իրավիճակը չի փոխվի», -ասված է հոդվածում։