Մկրտությունը շոու չէ, մկրտվողը պետք է պատրաստված գա, հատկապես, եթե նա ընդունել է իսլամ: Tert.am–ի հետ զրույցում ասաց Հայր Զաքարիա Բաղումյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Հայ առաքելական եկեղեցին մերժել է մկրտել Թուրքիայի Դերսիմ համայնքից Հայաստան եկած ծպտյալ, իսլամացած հայերին:
«Մկրտվողը ուզում է դառնալ քրիստոնյա, նա պե՞տք է ունենա տարրական գիտելիքներ, պատրաստվածություն, Քրիստոնեությունից, որ օրինակ` Քրիստոս փրկիչ է »,-ասաց Հայր Զաքարիան:
Ի պատասխան հարցի, թե երեխա՞ն, որին մկրտում են, ընդունո՞uմ է, որ Քրիստոս Փրկիչ է, վերջինս ասաց. «Երեխայի խնդիրը չէ այստեղ, խնդիրը իսլամ ընդունած չափահաս մարդկանց մասին է: Եթե երեխան է մկրտվում, երեխան մկրտվում է իր կնքահոր հավատքի և իր ծնողների հավատքի շնորհիվ»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Հայաստանյայց առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացած երեք հայերի՝ երկու հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդու:
Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը կրկնեց, որ քանի հոգևոր առումով ծպտյալ հայերը Կոստանդնուպոլսի հոգևոր իշխանության ներքո են, ապա վերջիններս պետք է հավաստիացնեն, որ տվյալ անձիք իսկապես ծագումով հայ են և պատրաստ են Սուրբ Մկրտության և այդ դեպքում որևէ խնդիր չի կարող լինել:
Հայր Զաքարիան նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին իր ավազանում մկրտում է միայն ազգությամբ հայերին կամ հայի հետ ամուսնացած օտարազգիների: Երբեմն լինում են օտարազգիներ` իրանցիներ, որոնք ցանկություն են հայտնում մկրտվելու, բայց երբ իրենց բացատրվում է, որ պետք է որոշակի պատրաստվածություն անցնեն, նրանք անհետանում են ու էլ չեն վերադառնում:
«Որովհետև իրենց պետք է պարզապես մկրտության վկայականը, որպեսզի կարողանան գնալ արտասահման»,- ասաց Հայր Զաքարիան և ամփոփեց, որ հետևաբար, օտարազգիների շատ զգույշ են:
http://www.tert.am/am/news/2015/08/11/zakaria/1760880#.VcoPiQAasRk.facebook