Համահայկական 6-րդ ամառային խաղերն առաջին անգամ բացահայտեցին Արեւմտյան Հայաստանում գործող հայկական կառույցների ակտիվությունը: Այսօր «Նոյան Տապան» գորածակալությունում իրենց ինքնությանը, մշակույթին վերադառնալու մասին խոսեցին Խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Տարոն-Մուշ» հայրենակցական միության ատենապետ Հայկ Արսլան Հայրեդին, փոխատենապետ Գեւորգ Չալըշը եւ Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչ Սիմոն Տարոնյանը: Ներկայացնելով իրենց հայրենակցական միության հիմնադրման պատմությունը՝ Գեւորգ Չալըշը ասաց. «Անցած տարի մի ընկեր ինձ ասաց, որ Մուշում հայկական հիմնարկ պետք է կազմենք: Ես էլ դիմեցի Հայկին: Դժվար է Մուշում այսպիսի բան անելը, քանի որ Մուշը շատ կրոնամոլ վայր է: Բայց Հայկն այս ռիսկին գնաց: Եվ քանի որ այնտեղ քրիստոնյա հայ չկա, ու բոլորն իսլամացած հայեր են, Հայկի առաջարկով առաջին բանը, որ նախաձեռնեցինք, տեղի երիտասարդներին հայերեն սովորեցնելը եղավ: Աշակերտներ ընդունեցինք: Շատ դժվար է, բայց ուրախալի է, որ նրանք իրենց հայ լինելն ընդունում են: Մի քուրդ ինձ ասաց, որ Մուշում եւ շրջակա ավաններում շուրջ 40 հազար հայ կա, որոնց 90 տոկոսի մայրական կողմն է հայ: Այս է վիճակը այնտեղ: Համահայկական խաղերին մասնակցելու համար արագ հավաքեցինք «Տարոն-Մուշ» ֆուտբոլի թիմը եւ եկանք»: Հարցին, թե տեղի իշխանությունները նպաստո՞ւմ են հայապահպանության գործի կազմակերպմանը, թե՞ խոչընդոտներ են ստեղծում, Հայկ Արսլան Հայրեդին, որն, ի դեպ, առայժմ հայերեն չի խոսում, ասաց. «Ամեն տեսակ ռիսկ կա: Օրինակ, ճնշելու, սպանելու: Այս ռիսկը արդեն 100 տարի է, որ գույություն ունի: Արեւմտյան Հայաստանի հայերը միշտ նեղված են, այդ նեղությունների մեջ ենք մեծացել: Բայց վերջին մեկ տարում, ինչ կազմավորվել ենք, բոլորն էլ գիտեն, որ մենք հայ ենք»: Իսկ Սիմոն Տարոնյանը ավելացրեց. «Արեւմտյան Հայաստանի ազգային պայքարում մինչեւ 10 տարի առաջ մենք դրսի ու ներսի, սովետահայերի հետ կապ չունեինք: Նրանք ասում էին, թե դրսում հայ չկա, բոլորը վերացել են: Պոլսահայերն ասում են՝ միայն իրենք են հայ: Դա սխալ է, սխալ ինֆորմացիա է: Արեւմտյան Հայաստանում հայեր շատ կան, բայց ապրում են գաղտնի: Ու վաղուցվանից է այսպես: Ներքին ինֆորմացիան ու քարոզը սխալ է եղել: Առաքելական եկեղեցու հպատակները չեն ընդունում, որ իսլամացած կամ կաթոլիկ հայերներն էլ հայ են: Մենք առաջնությունը տալիս ենք ծագմանը, էթնոսին: Կարեւորը, որ մարդն իրեն հայ է զգում ու հայ է համարում: Մենք պետք է իմանանք, թե ով ենք, մեր ճիշտ պատմությունն իմանանք ու մեր ազգային քաղաքականությունը վարենք: Կրոնը երկրորդական է: Արեւմտյան Հայաստանում հայությունը վտանգված է: Քրիտոնյա աշխարհը մեզ չի օգնել, Հայաստանը մեզ չի օգնել, Արցախը մեզ չի օգնել, Գարեգին 2-րդ կաթողիկոսը մեզ չի օգնել, սփյուռքը մեզ չի օգնել: Քրիստոնյա հայը մահմեդացած հային հայ չի համարում, կուսակցությունն ասում է՝ ով կուսակցական չէ, հայ չէ… այսպես մասնատվելով ո՞ր ենք գնում: Գլխավորն այն պետք է լինի, որ մարդն իրեն հայ է զգում: Թող ծանոթանան, շփվեն իրար հետ»: Վերադառնալով Համահայկական խաղերին մասնակցելուն՝  Գեւորգ Չալըշը նշեց, որ իրենք ընդամենը խաղերի մեկնարկից երեք ամիս են զբաղվել ֆուտբոլային թիմը հավաքագրելով: Նրա խոսքերով, իրենք Արեւմտյան Հայաստանի գաղափարի շուրջ հայերի համախմբման ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին զուգահեռ զբաղվելու են նաեւ հաջորդ Համահայկական խաղերին նախապատրաստվելով, որպեսզի ավելի մեծ թվով ու ավելի լավ մասնակցեն: Բանախոսները նշեցին նաեւ, որ Թուրքիայում արդեն գործում են մի քանի հայրենակցական միություններ, որոնց կապերն ու շփումները ամրապնդել է հարկավոր: Իսկ Մայր Հայաստանն էլ պետք է ավելի լուրջ ու գործնական վերաբերվի իրենց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/08/10/599405/