ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է 2018 թվականի «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց», «Իմ Հայաստան» ամենախոշոր ծրագրերի ճակատագրերի վերաբերյալ: նախարարը նշել է, որ ծրագրերը չեն կասեցվելու, այլ ներկայանալու են նոր ձևաչափով:

«Ծրագիրը կկրի որոշակի ձևաչափի փոփոխություն, այն է՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը կհամատեղվեն և կներկայացվեն նոր ձևաչափով: « Արի տուն» և « Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը դառնալու են մեկ ծրագիր, որը բաղկացած է լինելու մի քանի դրույթներից՝ կրթական մասից, վերապատրաստման մասից և ճանաչողական մասից: Ծրագիրը լինելու է 20-օրյա և նախնական, այն մեկնարկելու է օգոստոսի 10-ից»,- նշել է Հայրապետյանը և հավելել, որ առաջիկա 5 օրում վերջնական տեսքի կբերվեն ծրագրի բովանդակային մասը:

Ավելի վաղ, Սփյուռքի նախարարությունը «Արի տուն», «Իմ Հայաստան» փառատոն եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի իրականացման ժամկետները հետաձգել էր՝ դրանցում կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով։