Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երեւանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում են Կառավարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խաղերի փակման առիթով կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

ՀՀ կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Համահայկական վեցերորդ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:
Անցած տասնմեկ օրերի ընթացքում քաղաքամայր Երեւանը դարձել էր ողջ աշխարհի հայ մարզիկների յուրահատուկ հավաքատեղի: Տարբեր մարզաձեւերում ազնիվ պայքարի հետ մեկտեղ դուք հնարավորություն ունեցաք հաստատել նոր շփումներ, ձեռք բերել նոր ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցների շրջանում:

Իմ խորին համոզմամբ՝ Համահայկական խաղերի ամենակարեւոր ձեռքբերումը մեր ժողովրդի հազարավոր զավակների մեկտեղումն է մայր հայրենիքում՝ այդպիսով նոր շունչ հաղորդելով նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդմանը: Այս առումով, Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան հաղթողներ ու պարտվողներ: Հաղթել ենք բոլորս, քանի որ Համահայկական խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսեւորումն են:

Սիրելի մարզիկներ,

Խորհրդանշական է, որ Համահայկական վեցերորդ խաղերն անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին զուգընթաց: Նշանակալի է խաղերի դերը մեր ժողովրդի համար հիշատակի այս տարում, որը եւս մեկ անգամ միավորեց համայն հայությանն ու մայր հայրենիքում ապահովեց հայաշունչ միջավայր: Այս միջավայրում է կրկին ընդգծվում մեր միասնականությունն ու հայի ուժը, ինչը մեր երկրի հետագա զարգացման եւ ձեռքբերումների հիմնական գրավականն է: Վստահ եմ, որ դուք կշարունակեք հայրենիքից դուրս պահպանել հայի  ինքնությունն ու գործել ի նպաստ հայապահպանության ամրապնդման:
Հարգելի ներկաներ,

Տիկնայք եւ պարոնայք,
Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ նախորդ խաղերի համեմատ այս խաղերին մասնակցել են վեց հազարից ավելի մարզիկ-մարզուհիներ, ինչն աննախադեպ է: Այս ընթացքում ձեզ հետ հայրենիք են ժամանել նաեւ ձեր բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, մարզիչներ, ընկերներ եւ երկրպագուներ: Վստահ եմ, որ Համահայկական յոթերորդ խաղերին մասնակիցների թիվը կլինի էլ ավելի, եւ այս միջոցառումը կշարունակի իր հայանպաստ առաքելությունը:
Սիրելի քույրեր եւ եղբայրներ,
Լա´վ իմացեք, ձեզնից յուրաքանչյուրը մեզ՝ հայրենիքում ապրողներիս համար, մշտապես սպասված եւ ցանկալի անձ է: Ուստի կոչ եմ անում՝ օգտագործե´ք յուրաքանչյուր հնարավորություն, այցելե´ք Հայաստան եւ Արցախ, վայելե´ք հայրենիքի ջերմությունն ու ձեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ բոլորիդ մաղթել նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, բարի ճանապարհ եւ բարի վերադարձ: Մինչ նոր հանդիպում մայր հայրենիքում: Համահայկական վեցերորդ խաղերը հայտարարում եմ փակված»:
Միջոցառման ընթացքում կառավարության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ՝ վեց անվանակարգերում:

 

«Լավագույն պատվիրակություն» մրցանակին է արժանացել Մոնրեալ քաղաքի պատվիրակությունը (Կանադա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Նիկոսիա քաղաքի պատվիրակությունը (Կիպրոս), «Մարզական ոգի եւ համբերություն դրսեւորած պատվիրակություն» մրցանակին՝ Սպահան քաղաքի պատվիրակությունը (Իրան), «Համահայկական վեցերորդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Մուշի պատվիրակությունը եւ «Համահայկական վեցերորդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Դիանա Թումանովան (Թբիլիսի):

 

_MG_9422 _MG_9442 _MG_9489 _MG_9542 _MG_9599 _MG_9610 _MG_9619