Կիլիկիա — Թուրքական ԶՈւ-ն անցել է սիրիական Մանբիջի հետ կապված՝ ԱՄՆ-ի հետ ավելի վաղ համաձայնեցված գործողությունների իրականացմանը՝ փորձելով տարածքից

դուրս մղել քրդերին, գրված է թուրքական ԶՈւ ԳՇ տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Այս մասին հայտարարել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը։

Հայտարարության մեջ նշված է, որ թուրքական ԶՈւ-ն այժմ գործում է ավելի վաղ «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ ենթակայության տակ վերցված տարածքի ու Մանբիջի միջև ընկած հատվածում՝ իրականացնելով թուրք-ամերիկյան համաձայնությամբ նախատեսված իր պարտավորությունները․ գործողության նպատակն է կանխել քուրդ զինյալների առաջխաղացումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը վերջնական համաձայնության է եկել «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ ու համաձայնել համապատասխան փաստաթուղթն ուղղել երկու երկրների պետական բարձր մարմիններին։
Ավելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։