ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 27-ին մեկնարկելու է Սմիթսոնյան հաստատության կողմից անցկացվող «Ֆոլքլայֆ» փառատոնը, որին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ազգագրագետ, «Ֆոլքլայֆ» փառատոնին Հայաստանի մասնակցության գործընթացը համակարգող Լևոն Աբրահամյանը նշեց, որ նախագահի մասնակցությամբ ընդգծվում է փառատոնին Հայաստանի մասնակցության կարևորությունը:

««Ֆոլքլայֆ»-ը սովորական ցուցահանդեսային փառատոն չէ, այն կենդանի ձևով ներկայացնում է տվյալ երկրի կենցաղավարման կյանքը, արհեստը, խոհանոցը և այլն: Ամեն տարի լինում է տարբեր ուղղվածություն ու թեմատիկա: Այս տարի գլխավոր հերոսը վարպետն է, ում միջոցով ցույց է տրվելու այսօրվա արհեստը, ավանդույթները, խոհանոցը՝ կապը պահելով անցյալի հետ: Գաղափարն այն է, թե ինչպես են այդ արհեստները պահպանվել ու փոխանցվել սերունդներին»,-ասաց Լևոն Աբրահամյանը:
Փառատոնի շրջանակում ներկայացվելու է խաչքարագործությունը, կավագործությունը, փայտագործությունը, գորգագործությունը: Խաչքարագործն ամբողջ ընթացքում ցույց է տալու իր աշխատանքը, հենց տեղում վարպետն ավարտելու է խաչքարը:


Տեղում աշխատելու են դարբինները՝ ցույց տալով այս արհեստի հետաքրքիր կողմերը:
Հաջորդ ուղղությունն ասեղնագործությունն է, որը ներկայացվելու է սիրիահայերի միջոցով:
«Փառատոնին հայաստանյան մասնակցության ծրագրի կարևոր բաղադրիչներից է խոհանոցը: Ջանք ու եռանդ չենք խնայել հայկական խոհանոցի լավագույն ուտեստները պատշաճ ներկայացնելու գործում: Նախ` տեղում լինելու է թոնիր: Հացթուխներն այդ ամբողջ ընթացքում ցույց են տալու լավաշ թխելու գործընթացը և թխելուց հետո հյուրասիրելու են այցելուներին: Ներկայացվելու է փախլավա, թել պանիր, տոլմա, չորացրած մրգեր, քաղցր սուջուխ, Հայաստանի բերքն ու բարիքն, անուշահամ գինին»,-ասաց ազգագրագետը:

Լևոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ստեղծելու են նաև քարանձավային միջավայր, որտեղ երեխաները մասնակցելու են պեղումների: Արդյունքում՝ երեխաները գտնելու են Հայաստանում հայտնաբերված ամենահին կոշիկի հուշանվերային տարբերակը:
Այս ամբողջ միջոցառումներն ուղեկցվելու են հայկական երգ ու պարով: