Օքսֆորդի համալսարանի անցկացրած ուսումնասիրության տվյալներով՝ կեղծ լուրեր ամենաշատը հրապարակվում են թուրքական մամուլում։ Թուրքիայում անցկացված հարցումների մասնակիցների 49 տոկոսը նշել է, որ մամուլում հանդիպել են բացարձակապես անհիմն լրատվության հատկապես քաղաքական և առևտրային թեմաներով։ Euronews-ի լրագրող Սերթար Աքթանը նշում է, որ ցուցակում Թուրքիային հաջորդում է Հունաստանը (44%), Հունգարիան (42%) , Ռումինիան (38%) և Չեխիան (36%)։ Կեղծ և ապակողմնորոշիչ լուրեր ամենքիչը հրապարակվում են Գերմանիայում, Դանիայում, Նիդերլանդներում և Անգլիայում։

Հարցվածների միայն 38 տոկոսն է վստահություն հայտնել թուրքական մամուլում հրապարակվող լուրերի հավաստիության հանդեպ։ Օքսֆորդի կողմից 37 երկրում անցկացված ուսումնասիրության արդյունքներով՝ Թուրքիան վերոնշյալ ամենավատ ցուցանիշներն է գրանցել։ Համաձայն նույն հետազոտության՝ Թուրքիայում նաև լուրջ մտավախություններ կան սոցիալական ցացնցերում հրապարակված գրառումների առումով։ Այս համատեքստում Թուրքիային հաջորդում է Վիետնամը, Մալազիան և Բրազիլիան։ Սոցիալական ցանցերում հրապարակվաց գրառումները որևէ մտավախություն չեն առաջացնում Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում և Դանիայում։

Զեկույցի՝ Թուրքիային նվիրված բաժնում արձանագրվել է, որ նախորդ տարի Թուրքիայում ավելի է վատթարացել մամուլի ազատության վիճակը։ Դա պայմանավորված է մասնավորապես լրագրողների դեմ կիրառվող բռնություններով, ինտերնետային հրապարակումների՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի վերահսկողության տակ անցնելու փաստով։ Մամուլի ազատության վրա բացասաբար է ազդել նաև Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպության՝ «Doğan Holding»-ի վաճառքը իշխանամետ «Demirören Holding»-ին: Դրա հետևանքով, ըստ ընդդիմադիրների, մամուլը փաստացիորեն դարձավ իշխանամետ ուժերի մենաշնորհը։