Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում Նալբանդյանների ընտանիքում պահվում է ձեռագիր ավետարան, որը վերականգնման կարիք ունի։

Ջավախքում հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր տներում սուրբ անկյուններ ունեն և այդ անկյուններում սրբապատկերների նկարների հետ նաև սուրբ գրքեր՝ ավետարաններ, նարեկներ, հմայիլներ ու այլ պարագաներ են պահում։ Նալբանդյաններին այս Ավետարանը հայտնվել է նախկինում իրենց տանն ապրող գուշակի շնորհիվ։ Սակայն ընտանիքում այս գիրքը համարում են ընտանեկան ժառանգություն և հավատացած են, որ եթե տանից դուրս բերվի, ընտանիքում դժբախտություն կկատարվի։

Սովորության համաձայն, գիրքը փաթաթում են կտորի մեջ։ Ավետարանը շատ վնասված է և վերականգնման կարիք ունի, առաջին վերջին էջերը չկան, շատ էջեր խառն են դասավորված, որոշ մանրանկարներ պարզ երևում են, սակայն գրքի էջերի մի մասը իրար է կպած և վտանգավոր է առանձնացնել։

Ղուլալիս գյուղի այս տան խոհանոցում, ոչ միայն ձեռագիր ավետարանն է պահվում, այլ նաև հմայիլ, լատինատառ գրությամբ փոքր գիրք և այլ իրեր։

Անկախ պահպանման վայրից և գործածված նպատակից, Ավետարանի յուրաքանչյուր էջ առանձնահատուկ արժեք է և ցավալի է, այն որ գրքի երկար ժամանակ գործածելուց կամ մոմերի և ծխի մեջ պահելուց հետո էջերը վնասվել են։

Ցավալի է, որ այսօր Ջավախքի հոգևոր և մշակութային հարստությունը ոչ ուսումնասիրվում է, և ոչ էլ պահպանվում: