Հայկական Կոխը ամենահին մարտարվեստի տեսակներից մեկն է։ Ազգային այս մարտարվեստի մասին կան բազմաթիվ վկայություններ տարբեր ճամփորդների կողմից, ովքեր անցել են Հայաստանով։
Հայկական ըմբշամարտը հայտնի էր նաև հին աշխարհում։ Հայոց արքա Տրդատ III-ն (250-330թթ․) ինքն է դարձել ընբշամարտի Օլիմպիական չեմպիոն 281թ․ 265-րդ Օլիմպիական խաղերի ընթացքում։ Կոխը ավանդույթ էր նաև հարսանիքների ժամանակ, երբ հարս ու փեսայի հարազատները իրար հետ կոխ էին բռնում։

Կոխի տեսարաններ կարելի է տեսնել Ախթամարի միջնադարյան եկեղեցու պատերին։ Ֆրանսիացի հետազոտող Հենրի Չարդինի ուսումնասիրությունները վկայում են, որ Կոխը հայ իրականության մեջ տարածված է եղել նաև միջնադարում։ Խորհրդային տարիներին Կոխը դուրս մղվեց առօրյայից, թեպետ գյուղական վայրերում մինչև 1988թ․ շատ տարածված էր։ Այսօր որոշակի քայլեր են ձեռնարկվում պահպանելու այս մարտարվեստը։ Կարելի է նշել, որ խորհրդային տարիներին հայտնի Սամբոյի համակարգը մեծ ազդեցություն էր կրել հայկական կոխից։

Կոխի երկու հիմնական տեսակներ կան՝ Լոռվա կոխը և Շիրակի կոխը։ Այս երկու ձևերի հիմնական տարբերությունը կանոններն ու հանդերձանքն է։ Շիրակի կոխի ժամանակ ընմբիշները կրում են միայն հայկական վարտիքներ։ Սրանից բացի, նրանց թույլատրված է բռնել հակառակորդի ոտքերը։ Լոռվա կոխի ժամանակ ընմբիշները կրում են ավանդական հագուստներ և կարող են բռնել հակառակորդի հագուստից՝ գցելու և հրելու հնարքների ժամանակ։

Մաքուր հաղթանակի է հասնում այն ըմբիշը, որն իր մրցակցին գցում է թիակների վրա կամ մրցակցի թիկունքի և մրցագորգի միջև եղած անկյունը հասնում է 90 աստիճանի, կամ մրցակցին դնում է «կամուրջ» դրության մեջ, կամ մրցակցի նկատմամբ ձեռք է բերում 10 և ավելի միավոր։ Եթե մինչև մարտի ավարտը մաքուր հաղթանակ չի գրանցվում, ապա հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ վաստակած մարզիկին։ Ըմբիշները գոտեմարտում են 7-9 մետր տրամագիծ ունեցող մրցագորգի վրա։

Մարտի տևողությունը 8 րոպե է։ Նախքան գոտեմարտի սկիզբը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը։ Կանոնների համաձայն՝ հաղթողը պետք է ներկայացնի հաղթական պար՝ մասնակիցների և դատավորների պահանջով։

Աղբյուրը՝ allinnet.info