Սիրիացի մասնագետները Հայաստանում սովորած ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և վերականգնման հմտությունները լայնորեն կօգտագործեն իրենց մշակութային արժեքները փրկելու համար: Westernarmeniatv.com-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում Հայաստան եկած և Մատենադարանի աշխատակիցների կողմից դասընթաց անցած սիրիացիներն ավարտեցին այն և ստացան վկայագրեր:

«Այս դասընթացը ևս մեկ ապացույց էր, որ մշակույթը չունի ոչ ազգություն, ոչ սահման: Դասընթացն անցավ շատ ինտենսիվ, եղան հետաքրքիր հարց ու պատասխաններ»,-ասաց Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու հավելեց՝ հասցրել են միմյանց շատ հարազատ դառնալ: Կցանկանային դասընթացն ավելի երկարատև լիներ:

Մասնակից Սեեբա Դաբուլը, ով աշխատում է Դամասկոսի ամենամեծ մզկիթում, նշում է՝ իր աշխատավայրում շատ գրքեր ու մագաղաթներ կան, որոնք ինքը չի իմացել, թե ինչպես ճիշտ վերականգնել մինչ Հայաստան գալը: «Այս 5 օրում սովորորել եմ նոր մեթոդներ՝ թղթերի վերականգնման գործում քիմիական նյութ չպետք է կիրառել, այլ՝ բույսեր»,-ասաց նա ու հավելեց՝ Սիրիա վերադառնալուն պես պիտի օգտագործի դրանք:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը փաստեց՝ առաջին անգամը չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում շատ լավ համագործակցություն են հաստատում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը փաստեց՝ Հայաստանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել՝ Սիրիայի պատմամշակութային արժեքների պահպանման և վերկանգնման հարցում, և այս դասընթացը դրա վառ ապացույցն էր:

Հունիսի 22-ին մեկնարկած դասընթացը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում: