Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջը 100 տարի առաջ էլ է օրակարգում եղել։ Այս մասին գրում է թուրք լրագրող Սերդար Քորուջուն։ Հայ գաղթականները Ցեղասպանության ժամանակ ապաստանել են հենց Մանբիջում։

Սիրիայի պատերազմից առաջ Մանբիջի մասին քչերն էին լսել։ Բայց քաղաքն ունի մոտ 100 հազար բնակչություն, որտեղ ապրում են հիմնականում արաբներ, քրդեր, չերքեզներ, թուրքմեններ ու հայեր։ Պարզվում է՝ հարյուր տարի առաջ այն ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների հանգուցային կետերից մեկն է եղել։

1915 թ․ հուլիսի 1-ին տեղահանության հրաման է արձակվում։ Հայտարավում է, որ արգելվում է վաճառել անշարժ ու շարժական գույքը, որոնք համարվում են «պետական գույք»։ Հուլիսի 2-ին՝ ուրբաթ օրը, մոտ 1000 մարդ տարվում է դեպի Արաբկիր։ Երեք շաբաթ է տևում մինչև հասնում են Խարբերդ։

Քարավանը, Էրգանի/ Մադեն ճանապարհին հասնելու ժամանակ, ականատես է լինում ահասարսուռ տեսարանների․ երևում էին Տիգրիս գետի ափին ցրված հարյուրավոր դիեր։

Հաջորդ կանգառը Ուրֆան էր։ Այդտեղից ճանապարհը երկու մասի էր բաժանվում։ 150 կնոջ հաջողվում է հասնել Հալեպում գտնվող տարանցիկ ճամբար։ Այս ընթացքում նրանք Բաբի հետ միասին Մանբիջով էլ են անցնում։

Չմշկածակ գավառին կից գյուղերի ճակատագիրն էլ է նմանատիպ լինում։ Հուլիսի 5-ին Չմշկածագից մի քանի կմ դեպի արևմուտք Գարմրի (Յունբյուքեն) գյուղից դուրս եկած 100 կանանցից միայն 12-ն է ողջ մնում։ Նրանք էլ Հալեպ են հասնում կրկին Մանբիջի վրայով։

Սվասի սանջակից դուրս եկած քարավաններն էլ էին Մանբիջով անցնում։ Եփրատն անցնողները կամ Սուրուչի, Ուրֆայի, Վիրանշեհիրի և Ռաս-ուլ-այնի կամ Մոսուլի ճանապարհով էին անցնում կամ էլ` դեպի Հալեպ գնում Բաբի ու Մանբիջի վրայով։

Մանբիջը Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայություններում էլ է հիշատակվում։

Աղբյուրը՝ http://akunq.net/am/?p=60805