Թուրք – քրդական բախումները գնալով ավելի են սրվում: Քրդական բանվորական կուսակցության զինյալներն աստիճանաբար առաջ են ընթանում՝ նպատակհետապնդելով իրենց տիրապետությունը հաստատել Թուրքիայի գերակշռող մասում: Նրանց թիրախն այժմ Մուշի նահանգն է, որի Վարտո գյուղաքաղաքն արդեն ամբողջապես անցել է ՔԲԿ-ի տիրապետության ներքո: Ըստ լրատվամիջոցների՝ այսօր արդեն քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված են ՔԲԿ-ի պահակակետերը, գյուղաքաղաքի շուրջբոլոր շարված են պահակախմբեր: Նշենք, որ ինչպես Մուշը, այնպես էլ շրջակա նահանգները քրդերը համարում են իրենց էթնիկ տարածքները: Թուրք-քրդական բախումներն ու ներքաղաքական հակասությունները հատկապես սրվեցին հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անսպասելի հաջողությունից հետո, ինչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա հենարանը հանդիսացող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերի թուլացման պատճառներից մեկը դարձավ:

Ի չիք դարձան միանձնյա իշխանություն կազմելու՝ ԱԶԿ-ի ձգտումները: Իրավիճակն ավելի սրվեց հունիսի 20-ին, երբ Սիրիայի հետ սահմանին մոտ գտնվող Սուրուչի ավանում տեղի ունեցած ահաբեկչությունը 32 մարդու, հիմնականում քրդերի կյանք խլեց: Դրան հետևեց Քրդստանի բանվորական կուսակցության պատասխան գրոհների շարքը: Անցած օրերին թուրքական կործանիչները պարբերաբար ռմբակոծել են Քրդստանի բանվորական կուսակցության՝ Հյուսիսային Իրաքում գտնվող ռազմական ճամբարները, իսկ քուրդ զինյալները Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողություններով փորձում են հակահարված տալ: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ ամբողջ առաջավոր Ասիան է մտել այս գործընթացների մեջ, որի սկիզբը տեսանելի է, ապագան՝ ոչ.«Սիրիա-Իրաք-Թուրքիա հակամարտությունը որքան էլ Հայաստանից հեռու թվա, բայց որպես պատմական Հայաստան, որպես քաղաքակրթություն ու որպես մշակույթ եւ միջազգային իրավունիք 100 ամյա սուբյեկտ, մենք անմիջականորեն ընդգրկված ենք այս գործընթացների մեջ»,-ասում է Շիրինյանը:

Թուրքիայում զարգացող գործընթացների վերաբերյալ, ըստ քաղաքագետի, Հայաստանը պետք է դիրքորոշման ճշգրտում կատարի, քանզի այն ինչ պրոպագանդում են հայաստանյան լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները, մեղմ ասած՝ այնքան էլ ճիշտ չէ.«Հայ պատմագրության մեջ առնվազն 100 տարի ծամծմվում է մի տեսակետ, որը պատմականության եւ գիտության հետ ոչ մի առնչություն չունի: Ամեն մի հայ առանց երկար-բարակ մտածելու գնում են մի թեզի, թե իբր քրդերը եղան «գործիք» թուրքերի ձեռքին եւ Արեւմտյան Հայաստանում հայությունը ամայացավ: Հիմա ըստ էության օկուպացիոն Արեւմտյանի Հայաստանի ուժը քրդերն են: Ես էլ մի տրամաբանական հարց եմ բարձրացնում՝ այդ ինչպես է, որ արդեն 200 տարի է որոնում ենք, բայց չենք կարողանում որեւէ ժողովրդի «կույր գործիքը» դառնալ, որ մեր երկիրը մեր ձեռը պահեինք կամ հետ վերցնեինք.«Կամ էլ Ստամբուլը գրավեինք»: Սա հակապատմագիտական, հակահայկական տեսակետ է»:

Շիրինյանի կարծիքով ճիշտ հակառակն է, թուրքերը եղան քրդերի ռազմավարական մտածողության «կույր գործիքը».«Նրանք օգնեցին, որպեսզի մշակութաստեղծ ժողովրդից «ազատագրվի» Արեւմտյան Հայաստանը: Քրդական վերնախավն իրականում ժամանակին կարողացավ թուրքերի հետ սիրախաղով նրանց օժանդակությամբ օկուպացնել ու գրավել Արեւմտյան Հայաստանը»:

Քաղաքագետի համոզմամբ մենք չպետք է ձեռքերներս ծալած նստենք եւ հետեւենք ընթացող իրադարձություններին.«Հենց Արեւմտյան Հայաստանի հարցով է, որ այսօր նորից վերակրկնելու ենք Վիլսոնյան իրավարար վճիռը:Մենք ոչ թուրքերի կողմը կարող ենք լինել, ոչ էլ թուրքերի, բայց քրդերի կողմը պիտի լինենք այնքանով, որքանով անգլիացիների սկզբունքներով՝ կարող են կռվել մեր թշնամու դեմ: Դրա փոխարեն պետք է պահանջենք քրդերից մեր համակրանքի համար անձեռնմխելի դարձնել Արեւմտյան Հայաստանի մեր ժառանգությունը»:

Անի Սահակյան

 

http://hayeli.am/article/738010