«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հաղորդում է, որ Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում, հունիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Արմենպրես»-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն: «Հնարավոր է քաղաքավարական հանդիպում»,-նշեցին վարչությունից:

Արմեն Սարգսյանի՝ արտերկիր այցը մեկնարկել է հունիսի 18-ին: Նա այցելել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, ապա՝ Միացյալ Նահանգներ՝ հունիսի 26-ին մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական եւ մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը: Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: