Վրաստանը փակել է իր օդային տարածքը երկու սիրիական ավիաընկերությունների՝ Syrian Air-ի և Cham Wings-ի ինքնաթիռների համար, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի օդային հաղորդակցության ծառայության ղեկավար Գոչա Մեզվրիշվիլիին:

Այդ որոշման պատճառ է դարձել Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:

Գործակալության տեղեկություններով՝ սիրիական ավիաընկերությունները հունիսից չեն օգտագործում Վրաստանի երկինքը Սիրիայի և Ռուսաստանի միջև թռիչքների համար: Ինքնաթիռները թռչում են Ադրբեջանով, ինչի հետևանքով չվերթի տևողությունն ավելանում է մոտ կես ժամով:

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները ճանաչել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը մայիսի վերջին: Ի պատասխան՝ Վրաստանը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: