Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Թուրքիային և Իրանին սպառնացող տնտեսական ճգնաժամին՝ նշելով, որ երկու երկրներում ազգային արժույթի արժեզրկումը բողոքի ակցիաների պատճառ է դարձել։

«Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն NTV ալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Իրանում իրավիճակի ցանկացած անպակայունացում ազդում է ողջ տարածաշրջանի վրա»։ Ինչը բնական է, չէ՞ որ քաղաքացիական պատերազմը Սիրիայում, որում Թուրքիան և Իրանը հանդես են գալիս որպես դաշնակիցներ, արդեն վաղուց ձեռք է բերել աշխարհաքաղաքական հակամարտության բոլոր նշանները։ Այս եռյակից Իրանին դուրս հանելը նշանակում է իրավիճակի որակական փոփոխություն, գոնե այն պատճառով, որ Իրանը Սիրիայից բացի, կարելի է ասել, այլ դաշնակից չունի Մերձավոր Արևելքում։ Տարածաշրջանում իր դեմ է հանդես գալիս Սաուդյան Արաբիան և Իսրայելը, որի հետ Թուրքիան ևս լարված հարաբերություններ ունի։

Միաժամանակ, ինչպես գրում է իսրայելական Haaretz պարբերականը, Թուրքիան փորձում է ինքն իրեն հավասարակշռել ամերիկյան պատժամիջոցների հորձանուտում՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով։ Փորձում է մի կողմից չխզել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ վերջինիս հետ դաշնակցելով քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների և Սիրիայի դեմոկրատական ուժերի խնդիրները լուծելու համար։

Բայց միաժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացեիբաց մեղադրում է ԱՄՆ-ին և ընդհանուր առմամբ, ողջ Արևմուտքին, ազգային ֆինանսական համակարգը և տնտեսությունը խարխլելու մեջ։ Bloomberg-ի տվյալներով, այս տարի լիրան արժեզրկման ռեկորդ է սահմանել զարգացող երկրների արժույթների հանդեպ, բացառությամբ արգենտինական պեսոյի: Չմոռանանք, որ վերջերս Թուրքիայի կենտրոնական բանկը որոշեց ԱՄՆ-ի Դաշնային պահուստային ֆոնդից հանել իր ոսկու պաշարները։

Նման մի բան տեղի է ունենում նաև Իրանում, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային գործարքից դուրս գալու մասին։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես և Էրդողանը, մեղադրում է ԱՄՆ-ին Իրանի դեմ տնտեսական պատերազմ հրահրելու մեջ։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ն փորձում էր Թեհրանի դեմ պատժամիջոցներ կիրառել ՄԱԿ-ի ԱԽ կողմից և հանդես եկավ կոչով, որ մյուս երկրները, այդ թվում՝ Թուրքիան, հրաժարվեն իրանական նավթից։ Բացի այդ, ապրիլից իրանական թումանն արժեզրկվել է գրեթե երկու անգամ: Ազգային արժույթը պահպանելու համար ապրիլին փակվեցին բոլոր փոխանակման կետերը, բայց դա նույնպես չօգնեց։

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ թումանի արժեզրկումը երկրում մասսայական բողոքի ակցիաների պատճառ է դարձել։ Bloomberg-ը նշում է, որ ամերիկյան պատժամիջոցներն են ազգային դրամի արժեզրկման պատճառը։

Միաժամանակ, եթե Թուրքիայի հարցում ԱՄՆ գլխավոր նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն է և Իրանի հետ հարաբերութունների փոփոխությունը, ապա Իրանի հարցում, գերմանացի փորձագետ Կրիստիան ֆոն Զյոստի կարծիքով, «պարզ չէ, երբ և որ դեպքում կարող են հանվել պատժամիջոցները»։

Արդյունքում՝ ոչ պարզ տնտեսական իրավիճակում հայտնված Իրանի և Թուրքիայի գործող իշխանությունների դեմ քննադատությունը մեծանում է։ Բայց, կարծես Թուրքիան իր ընտրությունը կատարել է։ «Թուրքիան մտադիր չէ իր առևտրային հարաբերութունները խզել Իրանի հետ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու միակողմանի որոշման պատճառով,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն,- Իրանում ընթացող ցանկացած բացասական խմորում ազդում է ողջ տարածաշրջանի վրա՝ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի։ Իրանի ապակայունացումը ոչ ոքի օգտին չէ՝ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ էլ որևէ այլ երկրի։ Իրանը մեր կարևորագույն գործընկերն է, և մենք կշարունակենք նրա հետ համագործակցել, չնայած այն հանգամանքին, որ ունենք որոշ տարաձայնություններ»։

Իր հերթին, Իրանի նախագահը սպառնացել է, որ ԱՄՆ-ին ծնկի կբերի։ Հետքրքիր է՝ արդյոք ամերիկյան ակտիվությունը կազդի Ադրբեջանի հետ հարաբերութունների հարցում Թուրքիայի քաղաքականության վրա, ով նույնպես պետք է կատարի իր ռազմավարական ընտրությունը»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2440408.html