32-ամյա լռությունից հետո հրապարակում ենք Լևոն Էքմեքչիյանի հետ նույն ժամանակաշրջանում նույն բանտում` իրար մոտ գտնվող բանտախցում, մնացած Շանլըբեյ Ալաբայ անվամբ մի հեղափոխականի պատմածները` Լևոն Էքմեքչիյանի հետ ունեցած իր ապրումների մասին…

Շանլըբեյ Ալաբայ

Լռության մեջ, որը մեր երկրի փողոցները վերածել է Եմենի թյուրքույի (ժողովրդական ողբերգ` ձոնված Եմենում զոհված թուրք զինվորներին-Ակունքի խմբ.), երբ եղնիկն անգամ չի իջնում ջրի մոտ… եթե անգամ շատ-շատ հեռվում մեկ-երկու հովվի լույս էր երևում, ժողովրդի ծաղիկները տրորվում էին ցեղապաշտության ոտքերի տակ: Իրենց հզոր համարող խամաճիկ 5 գեներալ երկրի ղեկավարումը վերցրել էին իրենց ձեռքը: Բռնությունները սահման չունեին, զնդանները լի էին «մեկ այլ աշխարհի գոյությանը հավատող մարդկանցով»:

Ձայն էինք տալիս, չէր արձագանքում, սակայն քարից էին պատերը:

Ահա հենց այս պայմաններում էլ ռազմական խունտայի դեմ, որը կարծում էր, թե ամեն ինչ իր հսկողության տակ է, երկու հայ իգիթ մեզ ձայնակցում են՝ ասելով՝ «Ցեղապաշտության ոտքերի տակ տրորված այս հողերը նաև մեր հայրենիքն է, մեր հայրերի հայրենիքն է, պետք է այս վատ շրջանը խախտենք»:

Անկարայի Էսենբողա օդակայանի ռազմական գործողության ազդեցությունն ու արդյունքերն այնքան մեծ էին, որ թեև 50-րդ խցում ձեռքերս շղթայակապ էին, սակայն օրերով թերթ չէին տալիս՝ մտավախությամբ, թե կատարվածի մասին կիմնանաք:

Գործողության մասին իմացել էինք մեր հնարավորության շրջանակներում՝ բանտի զինվորներից: Նրանք ասում էին, թե ռազմական գործողություն իրականացրածներից Լևոն Էքմեքչյանը, ով ծանր վիրավոր վիճակում գերի էր ընկել ֆաշիզմի ձեռքը, եթե չմահանա, ապա մեզ մոտ են բերելու: Այդպես էլ եղավ… Մի օր մի վաշտ զինվորների ու սպաների կողմից հրմշտելով բերած և 34-րդ խուց գցվածը նա էր:

Մահապատժի դատապարտվածներին էին միայն գցում այս խուց, որի վերին մասը բաց էր, լույսը դրսից էին միացնում-անջատում, մի տեղանոց լաթե անկողին ուներ: Հասկացանք, որ Լևոնի համար մահվան որոշումը սկզբից է կայացվել:

Բանտ բերված այդ օրվանից մինչև մահապատժի տրիբունա բարձրանալու օրը, երբ մեզ տանում էին հիվանդանոց, դատարան, անվտանգության բաժանմունք կամ մաքուր օդ շնչելու, ամեն օր նրա խցի մոտով էինք անցնում:

Այսօր՝ այդ օրերից 32 տարի անց, հետ նայելիս շատ ավելի լավ եմ հասկանում, թե որքան դժվար է եղել իր հայկական ինքնությամբ մի խցում մենակ լինելը: Մի վայրում, որտեղ, ըստ էության, հայ լինելը համարվում էր հայհոյանքի նման մի բան, հոգեբանական և տարատեսակ ֆիզիկական կտտանքների ենթարկվելիս Լևոնի մասին մտածել շատ դժվար և միևնույն ժամանակ խիզախություն պահանջող մի բան էր:

Թեև պետության սահմանած ոչ մի կանոն չեմ ընդունում, սական կասկած չունեմ, որ որ այն, ինչ մենք ենք մեր մաշկի վրա զգացել, կրկնակին էլ Լևոնն է զգացել: Հարբած սպայից բռնած մինչև անտրամադիր պահակ իրենց ազգայնական զգացմունքներին հագուրդ տալու համար Լևոնին էին թիրախ ընտրում, դուռը ծեծում, ատելության զգացմունքները նրա երեսին շպրտում, վրեժը Լևոնից էին հանում: Ամեն անգամ երկու զինվոր թեևերն ընկած բերում էին իր խուց: Իրենց «ընդդիմադիր հեղափոխական եմ» համարող ձախակողմյան բազմաթիվ կազմակերպությունների անդամները, անտեսելով Լևոնի՝ իր ազգային դատի և արժեքների համար (որոնց հավատում էր) ցուցաբերած խիզախ պահվածքը, ցույց էին տալիս, որ հայ ժողովրդի դեմ կիրառված, այժմ էլ շարունակվող ատելության մեղսակիցներն ու իթթիհադականների հետնորդ թոռներն են: Անգամ այսօր նրան հեղափոխական չհամարող մտայնության ներկայացուցիչները Մամաքում հեշտությամբ հանձնվել են թշնամուն և այս մեղքերը շալակել, ըստ էության, մինչև հիմա էլ շալակած տանում են:

Այսօր էլ իրենց պապերի պես իթթիհադականների ավանդույթներից սերող այս ձախակողմյանները, չտեսնելու տալով նաև իրենց կողքի քրդերին, ժառանգորդներն են այն մտածելակերպի, որն անտեսում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Իսկ նրանց այս պահվածքի պատճառն այն էր, որ «Լևոնի ձեռքով գրված» 10 էջանոց խրատն ու մեղայագիրը տվել էին բանտի բանտարկյալներին: Ամենատարօրինակն էլ այն էր, որ «այս տեքստը, որ հայտնի չէր, թե ում կողմից էր գրվել», օրվա մեջ 2 ժամ, որպես «մի ահաբեկչի մեղայագիր», հարկադիր դասի պես մեզ կարդալ էին տալիս:

Ես ընկեր Լևոնի խցից 14 խուց այն կողմ էի. թեև անհնարին լինելու աստիճան դժվար էր, սակայն 6 ամսվա ընթացքում նրա հետ բազմից հանդիպել եմ, փորձել հետը զրուցել՝ որպես երբևէ ընկերներ եղած մեր պապերի երկու ժառանգներ: Այս փորձերիս պատճառով բազմիցս խիստ զրպարտությունների, անխիղճ ծեծի եմ ենթարկվել, սակայն մի քանի անգամ ծանր պատիժ կրելուց հետո հասկացա, որ կարևոր պատմության վկա եմ դառնում: Սա էլ իմ և Լևոնի կրած տառապանքների, սակայն ընդհանրապես չզղջալու պատկերն էր:

Մի օր ձեռագրերիս վերաբերյալ դատավարության կապակցությամբ դատարան էի հրավիրվել: Հերթում, ինձնից բացի, երեսով պատին շրջված մեկն էլ կար: Երկուսիս միասին, ձեռնաշղթաներ անցկացնելով, ոստիկանական մեքենա նստացրեցին: Ձեռնաշղթայակիցս ընկեր Լևոն Էքմեքչյանն էր: Այդ օրը, երևի ինքս էլ չհասկանալով, պատմության վկան էի դառնում: Միմյանց որպիսությունը հարցրեցինք: Հարցրեցի, թե որտեղից է: Նա մեծ սև աչքերն ինձ ուղղելով՝ ասաց՝ ադանացի: Ես էլ ասացի, որ Կարսից եմ, ու պապական ընկերներ ենք: Ձեռքս սեղմեց և հարցրեց Անիի մասին: Միամտորեն հարցրեցի, թե դատն ինչ փուլում է: Աչքերը դեմքիս հառելով՝ ասաց. «Սրանք ինձ կախելու են, ընկեր, նրանց նպատակը սա է»: Ես էլ միամտորեն միջազգային հարաբերություններից, այս դատավարության հետաձգելու հնարավորությունից սկսեցի խոսել: Ինձ լսելուց հետո իր պատմությանը տեր կանգնելու գիտակցությամբ ասաց հետևյալը. «Շանլըբեյ, եթե ապրես, ու մի օր քեզ իմ մասին ինչ-որ մեկը հարցնի, նրանց պատմիր իմ ապրածների, ինձ տված քո բարևի մարդկային արժեքի մասին և ասա, որ ինչքան որ մորս ու քրոջս եմ սիրում, այնքան էլ իմ ժողովրդին, հայրենիքս ու պատմությունս եմ սիրում»: Ըստ էության՝ սրա համար եմ այստեղ ու սպասում եմ ՄԱՀԱՊԱՏԺԻՆ:

Երկար, շա¯տ երկար լռություն տիրեց: Ցածր ձայնով ասացի. «Խոսք եմ տալիս, Լևո՛ն, եթե ապրեմ, ժողովրդիդ և բարեկամներիդ պատմելու եմ քո և քեզ հետ իմ ապրածի մասին»: Կամաց ձեռքերս բռնեց և նայեց աչքերիս մեջ: Ըստ էության՝ սա երկրորդ անգամն էր, որ իրար աչքերի մեջ նայելով խոսում էինք:

Մեր առաջին հանդիպումը բուժքննության ժամանակ էր՝ բժշկի մոտ: Բետոնին նստած, գլուխներս առաջ՝ պատին նայելիս աչքիս պոչով նկատեցի, որ անմիջապես կողքիս նստածը Լևոնն է, և որպեսզի հսկող զինվորը չլսի, ցածր ձայնով որպիսությունը հարցնելուց հետո ասելով՝ «որպես ընտանիքի պապական բարեկամ շատ ջղայնացած եմ քո վրա»՝ հարցրեցի. «Դու, որ այդքան մեծ քաղաքի պարտիզանական գործողության տակ քո ստորագրությունն ես թողել, ինչու՞ ես նման մեղայագիր գրել, որ մեզ ստիպում են կարդալ, դրա պատճառով քեզ անգամ բարև չենք ուզում տալ»: Խոսքս առանց ընդհատելու համբերությամբ լսեց, սակայն հենց այդ պահին հսկիչ զինվորը նկատելով, որ նրա հետ խոսում եմ, մոտեցավ և ասաց՝ ձեռքերդ բացեք: Մինչ այդ պահը ձեռքերս չէի երկարել ֆաշիզմի զինվորներին, սակայն մտածելով, որ եթե հրամանը չկատարեմ, իր սպային կկանչի, և Լևոնի պատասխանը չեմ լսի, Լևոնին աչքով անելով առաջ անցա և ձեռքերս մեկնեցի զինվորին: Մեր յուրաքանչյուր ձեռքին մահակով 9-ական հարված հասցրեց… Թեև մեր ձեռքերը սև դաշտի ակոսի պես ուռել էին, սակայն գետնին նստելով լսեցի Լևոնի պատասխանը. «Ընկե՛ր, ես ո՛չ կարգին թուրքերեն գիտեմ, ո՛չ էլ գրել-կարդալ: Ասել է թե՝ նրանք իրենց գրածն են ձեզ կարդալ տալիս»: Նրանից ներողություն խնդրեցի և սրա մասին ընկերներիս պատմեցի: Հիմա սա ո՞վ կարող է հասկանալ որ…

Բուժզննությունից 50-րդ խոցս վերադառնալուն պես Ռաշիդ Բաթան և Ալի Ալֆաթլը ընկերներին պատմեցի Լևոնի ասածները: Նրանք էլ «Հեղափոխական ճանապարհ» դատավարության շրջանակներում ձերբակալվածների հետ քննարկեցին, խոսեցին: Անգամ ընկեր Ալին, նրան արդարացնելով, մյուսներին պատմել էր, թե «որքան դժվար է այս երկրում հայ լինել»: Ամեն անգամ օդափոխության, դատարան, անվտանգության բաժանմունք, բուժքննության կամ նման տեղեր գնալիս նրա 34-րդ խցի առջև մեզ սպասեցնում, ստուգում և ձեռնաշղթաներ էին հագցնում: Լևոնը, ում թույլ չէին տալիս որևէ մեկի հետ հանդիպել, մեզ տեսնելուն պես անմիջապես երկու ձեռքով խցի ճաղավանդակներին փաթաթվելով, կարծես իր այն հեռավոր երկրից լուր էինք բերել, ծիծաղկոտ աչքերով մեզ ժպտում և գլխով բարևում էր: Այսօր էլ վստահ եմ, որ երբ այնտեղ էի գնում, ինձ բարևելն ու բարև ստանալը և՛ իմ, և՛ նրա համար անգին էր: Ըստ էության՝ չեմ կարծում, որ այն, ինչ հիմա պատմում եմ, բոլորը կհասկանան: Սա մի արժեք է, որը զգում են մարդ լինելու գիտակցությամբ և սրտակցությամբ: Անգամ եթե արդյունքում ամեն անգամ ծեծ էինք ուտում և կտտանքների ենթարկվում, ամեն անգամ գիտակցաբար բարևում էի: Նա էլ միշտ բարևս առնում և ծիծաղկոտ աչքերով պատասխանում էր: Մի օր էլ ինձ ասաց. «Ամեն անգամ ինձ բարևելուց հետո ծեծ ես ուտում», ես էլ պատասխանեցի. «է, թող ծեծեն, քեզ բարևելը ընկերոջ բարև է, որը բխում է պատմական հարևանությունից»:

Լևոնի յուրաքանչյուր բարևը իմ 50-րդ խուց տանելով՝ մտքով գնում էի իմ մանկություն, որտեղ պապս փորձում էր ինձ հայերեն սովորեցնել, և նրանից լսած գեղեցիկ պատմությունները հիշելով, պատմություններ, որոնցով մեծացել էի, վերապրում էի նույն զգացումները:

Նրա խուցը վերևից բաց էր, լույսը և անգամ սափրվելու ածելին զինվորի թույլտվությամբ էր: Անգամ եթե իրավունք էլ ստանար, արգելվում էր մյուսների հետ խոսել: Նա դեռ դատարանի որոշումը չկայացրած էլ գիտեր, որ դատապարտված է մահապատժի, ըստ էության՝ բոլորն էլ գիտեին:

Այն օրը, երբ Լևոնի մահապատժի որոշումը Ատենակալների խորհուրդը հաստատել էր, կրկին արգելել էին մեզ թերթ տալ, որպեսզի նրա վերաբերյալ լրագրերում լույս տեսած լուրերը մեզ չհասնեն: Սակայն մենք տեղյակ էինք իրավիճակի մասին և նրան կախաղանի տանելուն վկա լինելու համար ես ու Ռաշիդը հսկում էինք: Այդ անիծյալ գիշերը Ռեշիդն ինձ արագ բոթելով արթնացրեց՝ ասելով՝ «Վեր կաց, Լևոնին տանում են»: Անձայն, ականջներս խցի դռանը մոտեցնելով՝ փորձեցինք հեռվից եկող ձայները լսել: Այդ հայտնի կտտանքների ենթարկող Մամաք բանտի տնօրեն Ռաջի Թեթիքը և նրա ուղեկցությամբ մի վաշտ զինվորների հետ գործակալ Թունա Յուզբաշը եկան և Լևոնի խցի դուռը կամաց բացելով՝ գրեթե հայրական խնամքով արթնացրեցին:

Նրանց միջև կայացավ հետևյալ երկխոսությունը.

Լևոն — Խեր լինի, էս գիշերվա կեսին եկել եք:

Ռաջի — Իրավասուները քեզ են կանչում, Լևո՛ն: Ասում են՝ հանդիպելու են:

Գիշերվա խավարի լռությունը պատեց շուրջբոլորը…

Լևոն — Գիտեմ, հրամանատա՛ր, ինձ տանում եք կախաղան բարձրացնելու: Դե գոնե հագնվեմ: Մեկ էլ ընտանիքիս ու քրոջս նամակ ունեմ, հետս վերցնեմ, -ասելով փորձում էր հագնվել և գտնել նամակները:

Նրա դանդաղ հագնվելը հասկացանք Ռաջի դահճի՝ «Դե, արագացրո՛ւ, իրավասուները սպասում են» նախադասությունից: 10-15 րոպե տևեց Լևոնի հագնվելը և վերջին խոսքն էլ հետևյալն էր. «Գիտեմ, ահա և մոտեցավ ավարտը, ձեր պետությունը կախելու է ինձ, չեմ զղջում, այս նամակը տվեք քրոջս ու ընտանիքիս»:

Թեև նրանց միջև այլ խոսակցություն էլ եղավ, սակայն ձեռքերին ու ոտքերին հարվածող շղթաների ձայնից լավ չկարողացանք լսել: Դրանից հետո նկատեցինք, որ գործակալ սպան առանց տատանվելու հայ հեղափոխական Լևոն Էքմեքչյանին ուղեկցում է դեպի կախաղանի պատվանդան: Երբ 6 ամիս շարունակ մահապատժին սպասող Լևոնը, քայլելով դեպի մահը, մեզ անտեր թողեց, այլևս չգիտեմ, թե ում եմ բարևելու:

Հունվար, 2015

 

«Ժողովրդիս, հայրենիքս ու պատմությունս սիրում եմ այնքան, որքան մորս եմ սիրում». Լևոն էքմեքչյան»