Իրանն ասում է, որ միջազգային հանրությունը պետք է զգոն լինի և փորձի կանխել զանգվածային ջարդերն ու ցեղասպանությունները։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ իրագործվող հանցագործություններից պաշտպանելու պատասխանատվությունը» թեմայով հանդիպման ժամանակ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ղոլամալի Խոշրուն հանդես եկավ կոչով։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ամբողջությամբ կիսում է այն կարծիքը, որ միջազգային հանրությունը պետք է զգոն լինի և թույլ չտա, որ զանգվածային կոտորածների սարսափները և անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները կրկնվեն ապագայում։ Ոչ ոք չի մոռանում, թե ինչպես ՄԱԿ-ի անգործության պատճառով ականատես եղանք ցեղասպանության սոսկալի դեպքերի և մարդկության հանդեպ հանցագործությունների, ինչպես նաև ագրեսիայի կատաղի գործողությունների այս երկու տասնամյակների ընթացքում, որոնք միլիոնավոր անմեղ մարդկանց մահվան և տեղահանության պատճառ դարձան,- նշել է դեսպանը՝ հավելելով,- Անվտանգության Խորհրդի թույլտվությունը չպետք է ընկալվի որպես «քարտ բլանշ» նոր վայրագություններ գործելու համար։ Անվտանգության Խորհուրդն ազատ չէ իր անդամների կամքով ընտրովի ուժ կիրառել և փակել աչքերը զանգվածային վայրագությունների վրա, ինչպես մենք ականատես եղանք անցյալում և այժմ ենք ականատես լինում»։

Խոշրուի խոսքով՝ Անվտանգության խորհուրդը կապված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հետ և պետք է հարգի պետությունների ինքնիշխանությունը և նրանց անկախությունը։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը շեշտել է, որ որոշ պետությունների կողմից ուժի ապօրինի կիրառումը հանդիսանում է միջազգային իրավունքի սահմանված կանոնների և սկզբունքների չարաշահման ակնհայտ օրինակ: