Սևրի հաշտության պայմանագիրը, որն ըստ էության ստեղծել է ժամանակակից Մերձավոր Արևելքը, նորից ակտուալություն է ձեռք բերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդառնալով թուրք-սիրիական, թուրք-քրդական՝ վերջին շրջանում սրված հակամարտություններին:
«Չմոռանանք, որ ունենք Սևրի պայմանագիր, որը չնայած ուժի մեջ չի մտել, բայց որպես պատմական փաստաթուղթ գոյություն ունեցել է և գոյություն ունի: Եվ երկրորդ` մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքը մտնում է մի փուլ, որը կարելի է անվանել պետությունների սահմանների վերաձևման, նոր պետությունների ստեղծման փուլ, իսկ սա նշանակում է, որ Սևրի պայմանագիրը նորից ակտուալություն է ձեռք բերում։ Եվ այս պայմաններում չի կարելի բացառել, որ մեծ տերությունները կանդրադառնան Սևրի պայմանագրին: Իհարկե, ոչ որպես օրինական ուժ ունեցող փաստաթղթի , այլ որպես պատմանական»,-ասաց արևելագետը:
Ըստ նրա, նախքան սա տեղի ունենալը Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան` իր պահանջները ներկայացնելու համար:

 

Հիշեցնենք, որ 1920թ օգոստոսի 10-ին Սևրում ստորագրված՝ Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18թթ առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև Սևրի հաշտության պայմանագրով / Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից/ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն, իսկ Հայաստանն ու Թուրքիան համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի,Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Բացի այդ անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915թ. օրենքը։
Նշենք, որ այսօր ՀՀ մի շարք կայքերից կողմից հաղորդվել էր, որ ադրբեջանցիները զանգվածաբար լքում են Հայաստանին սահմանակից Իգդիր նահանգը: Ռուբեն Սաֆրաստյանն այս առնչությամբ ասաց, որ հետևել է թուրքական լրահոսին և նման հաստատում չի գտել:
Ինչ վերաբերում է Դերսիմը քրդական ինքնավար մարզ հռչակելուն, ապա Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ սա չպետք է լուրջ ընդունել,որովհետև թուրքական իշխանությունները  ձերբակալությունների ու ճնշումների միջոցով ,նաև այն քրդերին, որոնք իշխանության ներսում են, այդ հարցը կփակեն:

 

http://www.tert.am/am/news/2015/08/24/safrastian/1771964