Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ բացահայտելով երկրի թույլ կողմերը, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ Արցախում մարտական գործողությունների վերսկսման դեպքում։

«Ադրբեջանում տեղի են ունենում ոչ միանշանակ իրադարձություններ։ Հուլիսի 2-ին Բաքվում մեկնարկեցին լայնամասշտաբ զորավարժություններ, որին մասնակցում են 20․000 զինծառայողներ, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ զորավարժությունների նպատակը «հայկական կողմին ադրբեջանական բանակի ուժի ցուցադրումն է»։

Զորավարժության պլանի համաձայն, ադրբեջանական զորքերը, մարտական և պահեստային ստորաբաժանումները նաև Գյանջայի կայազորը ուղարկվում են գործառնական շրջաններ։

Հասկանալի է, որ հայկական կողմը Ադրբեջանի այդ գործողությունները որակում է որպես Արցախի ուղղությամբ մարտական գործողությունների նախապատրաստում։

Բայց ահա հուլիսի 3-ին ադրբեջանական խրախճանքն ավարտվում է, քանի որ Մինգեչաուրի ՀԷԿ-ում վթար է տեղի ունենում, ինչի արդյունքում Ադրբեջանի 39 քաղաքները, մարզերը, ներառյալ Բաքուն և Գյանջան հոսանքազրկվեցին։

Հոսանքի անջատումը հանգեցնում է SOCAR նավթային ընկերության արտադրության ծավալները կրճատման՝ 4,2 հազար տոննա նավթ և 1,035 մլն խ/մ գազ։

Հատկանշական է, որ նույն օրը Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա կատարվում է մահափորձ, ինչը, սակայն, քաղաքապետը չի քաղաքականացնում։

Ադրբեջանի «Ազերէներջի»-ի ղեկավար Էտիաբ Պիրվերդիևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցին, թե ինչու նման վթար տեղի ունեցավ, պատասխանել է, որ ՀԷԿ-ում վթարի պատճառը շոգն է եղել, քանի որ էներգիայի ծախսը մեծացել է։ Ալիևը նշել է, որ երկրներ կան, որտեղ ավելի շոգ է լինում, բայց նման վթարներ տեղի չեն ունենում։ «Դուք պետք է բացատրեք պատճառը, բայց խոսում եք շոգ եղանակի և էներգիայի մեծ ծախսերի մասին»,- բարկացել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ այդմ, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ամենաթույլ կետը ԽՍՀՄ-ից ժառանագած էներգահամակարգն է, որի արդիականացման համար հսկայական միջոցներ և շատ ժամանակ է հարկավոր։
Հետաքրքիր է, որ ադրբեջանական աղբյուրները նշում են, որ էներգահամակարգի արդիականացման համար վերջին տարիներին ներդրվել է ավելի քան 4 մլրդ դոլար։ Բայց հարց է ծագում, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, եթե ականատես ենք լինում նման վթարի։

Իսկ եթե իրավիճակը գնահատենք հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից, ապա տեխնոլոգիական կատակլիզմը, որը տեղի ունեցավ ողջ երկրի մասշտաբով, ցույց տվեց, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ժամանակ էլ կարող են նման դեպքեր պատահել։ Չպետք է մոռանալ, որ Մինգեչաուրին իր էլեկտրակայաններով Թալիշից ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բաքուն և Երևանը պետք է պարզապես խուսափեն մարտական գործողություններից և սկսեն բանակցել։ Այլ կերպ հնարավոր չէ»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2443212.html