Հայաստանում բանակի կարիքների համար մշակվել են յուրահատուկ զրահաթիթեղներ: Այս մասին հայտնել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՌՀՀ պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:

«Զրահապատ նյութեր եւ դրանց վրա հիմնված պաշտպանական կառուցվածքներ» նախագծի շրջանակներում պեռլիտի հիման վրա սինթեզվել է հատուկ բյուրեղապակյա նյութ, որը չափազանց ամուր է եւ այլ հետաքրքիր հատկություններ ունի: Դրա հիման վրա հնարավոր է կամայական ձեւի պաշտպանիչ կառուցվածքներ ստեղծել: Մասնավորապես, ստեղծվել են կորագիծ զրահաթիթեղներ, որոնք կարելի է ընդգրկվել զրահապատ բաճկոնների ամբողջական փաթեթում:

Զրահաթիթեղների քաշը 2.2-2.3 կգ է, դրանք կարող են պաշտպանել այնպիսի զենքերի փամփուշտներից, ինչպիսիք են Դրագունովի դիպուկահարային հրացանը եւ արդիականացված Կալաշնիկովի հրացանը: Դրանցից արձակված փամփուշտները 10 մ հեռավորությունից կարող են ծակել երկաթգծի ռելսերը:

«Սակայն մեր զրահաթիթեղները ունակ են դիմակայել այդ զենքին, եթե անգամ նրանց 10 մետրից կրակեն: Իրենց պաշտպանիչ հատկություններով եւ քաշի բնութագրիչներով, դրանք չեն զիջում օտարերկրյա նման թիթեղներին (ինչ-որ տեղ, եւ գերազանցում), բայց դրանց գները շատ ավելի ցածր են», – ասել է Պետրոսյանը:

«Մենք կարծում ենք, որ այս տարվա ընթացքում ՊՆ-ն պատվեր կձեւակերպի, եւ այս տարի մեր զինծառայողներին կապահովենք «Վահան» անվանումով հայրենական զրահաթիթեղների առաջին խմբաքանակով: Արդեն մշակել ենք ամբողջ տեխնոլոգիական ուղին եւ սպասում ենք վերջնական պայմանագրի ստորագրմանը», – տեղեկացրել է փորձագետը: Ըստ նրա, արտադրանքով հետաքրքրվում են նաեւ արտասահմանից: «Այս ամենը արտոնագրված է Հայաստանում», – ընդգծել է Պետրոսյանը: