Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է:

Այս մասին նշել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել:

«Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի քայլերից ակնհայտ երևում է, որ նրանք նախապատրաստվում են ռազմական գործողությունների:

«Կարծում եմ, այն իրավիճակը, որ մենք ունենք, այն գլոբալ գործընթացները, որոնք ընթանում են քաղաքական հարթությունում, ռազմական, քարոզչական, ինչու չէ, նաև տնտեսական հարթությունում, ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ նպատակները: Դրանք կլինեն տասն օր հետո, մեկ ամիս, թե մեկ տարի հետո, առայժմ պարզ չէ, բայց այն, որ Ադրբեջանը ինտենսիվ պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ակնհայտ է»,- ասաց Աբրահամյանը:

Նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը վստահ է, որ ստատուս-քվոյի պահպանման հետ կապված խնդիր կա․ Ադրբեջանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, որովհետև իրավիճակն անընդհատ լարված է։

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային գործընթացի անմիջական կողմ դառնալու հավանականությանը, Տիգրան Աբրահամյանը նշում է, թեմայի էական առաջին շահառուն Արցախն է, իսկ եթե նա չկա բանակցային գործընթացում, ապա այդ բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, ի վերջո, որոշողը հենց Արցախի Հանրապետությունն է։