Գյումրիում մահացել է հայտնի հայ բարերար, Գյումրիի պատվավոր քաղաքացի Հովհաննես Օյունջյանը։

Նշենք, որ հուլիսի 13-ին բժիշկն իր 98-ամյակը նշեց հենց Գյումրիում։ Եվ նույն օրը Գյումրիում՝ Օյունջյանի անվան դպրոցի հարևանությամբ, տեղի ունեցավ «Հովհաննես Օյունջյան» համերգասրահի հիմնարկեքի արարողությունը։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր ցավակցական ուղերձում նշում է․ «Բարերարը դժվար պահերին միշտ աջակցել է գյումրեցիներին, մեղմացրել նրանց դժվարությունները՝ վերականգնելով և կառուցելով կրթական և մշակութային օջախներ, որևէ ջանք չխնայելով Գյումրի վերականգնման և վերակառուցման համար։ Մեր երկիրը կորցրեց արժանավոր մտավորականի, նվիրված հայրենասերի, մարդու և քաղաքացու»։

Ինչպես հայտնի է, Հովհաննես Օյունջյանը Արմենակ և Էլիզաբեթ Օյունջյանների որդին է։ Ծնվել է Արևմտյան Հայաստանում։ Հայրը մահացել է, երբ հազիվ 3 տարեկան էր։ 6 ամիս անց մահանում է քույրը։ 4 տարեկանում կորցնում է մորը։ 7 տարեկանում Հովհաննես Օյունջյանը դառնում է գիշերօթիկ դպրոցի աշակերտ։ 11 տարեկանում ընդունվում է վարժարան, որտեղ սովորում էր նաև Դանիել Վարուժանը։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում է կենտրոնական քոլեջում, որից հետո որոշում է բժիշկ դառնալ։ Միացյալ Նահանգներում կրթություն ստանալուց հետո Նյու Յորքում բացում է իր կլինիկան։ 1988 թ․-ից հետո Հովհաննես Օյունջյանը հիմնադրում է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը։ Վերջին 20 տարիների ընթացքում Օյունջյանի ներդրումը Գյումրիում կազմել է 7 մլն դոլար։