Հարի Պողոսյանը հետաքրքիր հոդված է հրապարակել, որտեղ ներակայացնում է, 8000 հայ որբերի փրկության պատմությունը։ Հեղինակին պատմությունը պատմել է շվեյցարացի զույգի աղջիկը՝ Էլիզաբեթը։

«Ինձ բախտ է վիճակվել լինել ականավոր մի կնոջ՝ Էլիբեթ Կուենզլեր Մարշալի ընկերը։ Նա ծնվել է 1917 թ․ հուսնիսի 19-ին Ուրֆայում։ Բժիշկ Ջեյքոբ Կուենզլերի աղջիկն էր։
Բժիշկ Կուենզլերը Հայերի ցեղասպանության ժամանակ Որֆայից, Մարդինից, Դիարբեքիրից, Հարփուրից, Քեմալիեյից, Արաբկիրից ու Մալաթիայից 8000 հայ որբերի կյանքը փրկելու համար անգամ կյանքը չի խնայել։
Բժիշկ Կուենզլերը շվեյցարացի բժիշկ էր, ով «Արյան ու արցունքի երկրում» գրքի հեղինակն է: Գրքում ամփոփված է Թուրքիայում 23 տարի բժշկական տեխնիկ աշխատած տարիները (1899-1922)։ Բժիշկն աշխատում էր հայաբնակ Ուրֆիայում ու ծառայություն մատուցում հիվանդներին, վիրավորներին ու որբերին։
Երբ բժիշկ Կուենզլերն ու նրա կինը որբերին Թուրքիայից տեղափոխել են Լիբանան ու Սիրիա, նա ասել է․ «Դա մեր կյանքի ամենալավ փուլերից մեկն էր»։

Իմ տատը` Սանդուխտը, ևս որբ էր մնացել։ Նա տասը տարեկան է եղել, երբ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել է իր ընտանիքը։ Հնարավոր է, որ նա եղել է այն որբերից մեկը, ում փրկել է բժիշկ Ջեյքոբը:

Ես հանդիպել եմ Ջեյքոբ Կուենզլերի աղջկան` Էլիզաբեթին ու նրա թոռ Փեթ Մարշալին Սան Դիեգոյի մեր հայկական եկեղեցում։ Նրանք եկել էին Արա Ղազարյանի ներկայացմանը: Վերջինս գրել է Կուենզլերի գրքի նախաբանը, ինչպես նաև գրքի անգլերեն թարգմանության խմբագիրն է։
2010 թ․ ապրիլին Էլիզաբեթն ինձ իր տուն հրավիրեց։ Ես շատ էի հետաքրքրված հոր մասին նրա պատմություններով։ Էլիզաբեթի պատմում էր, որ երկու տարեկան հասակում խաղացել է իր հոր միսիոներական որբանոցում գտնվող որբերի հետ։ «Նրանք ինձ համար քրոջ ու եղբոր նման էին,- պատմում էր Էլիզաբեթը՝ շարունակելով,- Մենք մի եղբայր և չորս քույր էինք։ Ունեինք նաև հայ որդեգիր քույր` Ռոզան, ում որդեգրել էին մեր ծնվելուց առաջ։ Այդ օրերին այն որբերին ու երեխաներին, ում գյուղում չէին կարողանում խնամել, հիմնականում տանում էին եկեղեցի։ Իմ ծնողները իրենց տանը հայ սպասուհի ունեին, ով գտնվում էր եկեղեցում։ Այնտեղ տուն էին փնտրում այդ երեխաներից ոմանց համար։ Նախարարը հարցնում է հավաքվածներին․«Ո՞վ կորդեգրի այս երեխային, ո՞վ կորդեգրի այս մյուս երեխային»։ Բոլոր երեխաները ընտանիքներ են գտնում, բացի մեկից, ով կեղտոտ էր, ոջլոտ ու հիվանդ աչքերով։ Երեխան միայն վերնաշապիկ ուներ հագին և ընդամենը չորս տարեկան էր։ Մեր սպասուհին վերցնում է երեխային։ Նախարարն ասում է նրան․ «Ինչպե՞ս կարող եք Դուք խնամել աղջկան»: Դրանից հետո նա վազելով գալիս է իմ ծնողների մոտ և ասում․«Այնտեղ մի աղջնակ կա, ով մենակ է, ոչ ոք չի ցանկանում վերցնել նրան, նա կմնա փողոցում»։

Իմ ծնողները գնում են նախարարի մոտ։ Մայրիկս իր առաջին երեխային էր սպասում: Երբ նրանք տեսնում են այդ երեխային, ասում են․«Իհարկե, մենք անմիջապես կվերցնենք երեխային»։ Աղջկան տուն են բերում, մաքրում, առողջացնում։ Նա իմ ավագ քույր Ռոզան է։ Հետո ծնվում է եղբայրս։ Ես ամենափոքրն էի։ Ծնողներս որբ են եղել և միշտ ցանկացել են ընտանիք ունենալ։ Նրանք կազմակերպել ու իրականացրել են մոտ 8000 հայ որբերի տեղափոխումը Թուրքիայից դեպի Սիրիա ու Լիբանան։ Դուք կարդացե՞լ եք գիրքը։ Նրանք հարյուր առ հարյուր տարել են այդ երեխաներին։ Յուրաքանչյուր երեխա իր հետ տանում էր իր վերմակը։ Կար չոր սնունդ ճաշի համար։ Ստիպված էին անցնել բազմաթիվ անցակետերով. քրդերը երբեմն փորձում էին կանգնեցնել, ասելով․ «Մենք կարող ենք օգտագործել այս երեխաներից մեկին», բայց Ջեյքոբն ասում է․ «Նրանք իմը չեն, ես ուղղակի տեղափոխում եմ նրանց, ահա մարդկանց ցուցակը»։ Յուրաքանչյուր երեխայի անունն ուներ ցուցակագրած։ Մեկ առ մեկ նրանց հաշվում էին, այնուհետև` շարունակում ճամփան:
Ամեն օր իմ մայրը խմբից ավելի շուտ էր գնում և ապաստարանում պատրաստում բավարար հաց: Հայրս հարյուրավոր երեխաների հետ գալիս էր ճաշի համար։ Հաջորդ առավոտ նրանց տալիս էին մի բաժակ կաթ ու հաց, ինչպես նաև չրեր, ապա շարունակում ճամփան։ Գիտեմ, որ նրանք գտել էին մի հին վանք Ղազիր հասնելու ճանապարհին, որն օգտագործում էին որպես մանկատուն։ Այն գտնվում էր Միջերկրական ծովի վերին հատվածում։
Ծնողներս հոգ էին տանում բոլոր որբերի բարեկեցության համար։ Եթե լինում էր մի երեխա, ով իրեն լավ չէր զգում, բերում էին մեր տուն, մեր ընտանիք։ Նրանք մեզ հետ էին ապրում մի որոշ ժամանակ և լավանալուց հետո ուղարկում էին մանկատուն, որն իրապես դպրոց էր, քանի որ նրանք սովորում էին գրել ու կարդալ։
Մայրիկս գիտեր, որ նրանք չէին կարող ընդմիշտ մնալ մանկատանը, ինչի պատճառով էլ նրանց սովորեցնում էր արհեստ՝ տնային տնտեսություն, կար ու ձև, խոհարարություն, դայակություն, կոշկակարություն և կարպետագործություն։ Բոլոր երեխաները խելացի էին, և նրանցից շատերը, մինչև պատերազմի սկիզբը, իրենց տներում սովորել էին ինչ-որ արհեստ։ Մի օր մայրիկս ասում է, որ այս երեխաները գորգագործության շնորհք ունեն և առաջարկում է գորգերի գործարան բացել։ Ջեյքոբ Կուենզլերը Լիբանանում որբերի համար հիմնադրում է գորգի գործարան»։

Որբ հայ աղջիկները մի մեծ գորգ են գործել ԱՄՆ-ի նախագահի համար, որին տրված է «Ղազիրի գորգ» անվանումը։ Գորգը 1925 թ․ դեկտեմբերի 4-ին ուղարկվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Գորգի հակառակ կողմում գրված է. «Ոսկե կանոնի երախտագիտությունը նախագահ Քուլիջին» գրությունը։ Այն որոշ ժամանակ ցուցադրվել է Սպիտակ տանը՝ համարվելով աշխարհում բարի կամքի դրսևորման խորհրդանիշ»:

Աղբյուրը՝ http://akunq.net/am/?p=61112