Եվրամիության հարցերով Թուրքիայի նորանշանակ նախարար և գլխավոր բանակցող Ալի Հայդար Քոնջան խոսել է Հայոց ցեղասպանության մասին, գրում է «Ակօս»-ը։

 

«Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունը ներկայացնող Ալի Հայդար Քոնջան, ի թիվս այլ հարցերի, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու այն ճանաչելու ԵՄ-ի կոչին։

 

Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության օրակարգ գալու առնչությամբ ինչ կեցվածք կդրսևորի՝ հարցին նախարար Քոնջան պատասխանել է. «Ակնհայտ է ու պարզ, որ հայերի հանդեպ ջարդեր են տեղի ունեցել։ Սակայն հիմնական խնդիրը դեպքերի բնութագրության հարցն է։ Դա էլ մեր կուսակցության ներսում կքննարկենք և կհստակեցնենք»,-ասել է նա։

 

Թուրքիայում կայացած վերջին ընտրություններից հետո իշխող կուսակցությանը չէր հաջողվել մեծամասնություն դառնալ և կառավարություն ձևավորել։ Կոալիցիոն կառավարություն ստեղծելու  բանակցությունները ևս ապարդյուն էին անցել։ Թուրքիայում նոյեմբերի 1-ին նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու, սակայն մինչ այդ ժամանակավոր կառավարություն է ձևավորվել, որում ներառված են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

 

http://www.tert.am/am/news/2015/09/01/konca/1778364