ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ողջունել են Հելսինկիում տեղի ունեցած իրենց երկար սպասված հանդիպումը՝ շեշտելով, որ այս հանդիպման հիման վրա հետագայում երկխոսությունը կշարունակվի։

«Շատ արդյունավետ օր էր, շատ արդյունավետ մի քանի ժամեր մենք միասին անցկացրինք»,- ասել է Թրամփը հանդիպումից հետո՝ հավելելով․ «Վստահ եմ՝ հետագայում մենք հաճախ կհանդիպենք»։

Նշենք, որ հանդիպումից առաջ Թրամփը ԱՄՆ-Ռուսաստան վատ հարաբերությունների համար մեղադրեց իր իսկ երկրին՝ պատճառը համարելով անցյալում արած «անմտություններն ու անխոհեմությունները»։

ԱՄՆ նախագահը կրկնեց իր այդ հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո՝ Ռուսաստանին ևս ներառելով այդ քննադատության մեջ։

«Երկու երկրներն էլ պատասխանատու են։ Կարծում եմ Միացյալ Նահանգները անխոհեմ է եղել։ Մենք բոլորս ենք անխոհեմ եղել։ Անկեղծ ասած, այս երկխոսությունը պետք է շատ վաղուց լիներ։ Կարծում եմ մենք բոլորս մեղավոր ենք։ Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները այժմ Ռուսաստանի հետ համատեղ առաջ են շարժվում»,- ասել է Թրամփը՝ պնդելով, որ իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ սրանից ավելի վատ երբեք չեն եղել։

Նախագահ Պուտինը ևս ողջունել է հանդիպումը՝ ասելով, որ հանդիպումը առաջին քայլն էր՝ «վերականգնելու հարաբերությունների ընդունելի մակարդակը և վերադառնալու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ նախկին մակարդակին»։
«Թրամփի հետ բանակցությունները տեղի ունեցան բաց և կառուցողական մթնոլորտում։ Ես գտնում եմ, որ դրանք հաջողված և օգտակար էին»,- նշել է Պուտինը։

Հանդիպման ընթացքում Պուտինն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու Թրամփի որոշման շուրջ։

«Մենք նշեցինք մեր մտահոգությունները ԱՄՆ-ի՝ գործարքից դուրս գալու վերաբերյալ։ Շնորհիվ այդ գործարքի, Իրանը մտավ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ, ինչը արդյունավետորեն ապահովեց Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»,- ասել է Պուտինը։
Իր հերթին Թրամփն ասել է, որ իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է Իրանի վրա ճնշում չգործադրելու անհրաժեշտության հարցը։
Չմոռանանք, որ մայիսի 8-ին նույն Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ծրագրից՝ Իրանի վրա դնելով մեծ պատժամիջոցներ։

Նշենք, որ նախագահների հանդիպումն ընթացել է Հելսինկիի նախագահական պալատում: Այն տևել է ավելի քան 2 ժամ: Հայտնի է, որ հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն էր:

Աղբյուրը՝ presstv.com