Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում հնագետները շարունակում են բացահայտել Վանի թագավորության հետքերը՝ գտնելով նոր գտածոներ։

Wanhaber.com կայքը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝ ցուցադրելով հնագիտական վերջին բացահայտումները մեկ ֆոտոշարքով։

Նշենք, որ Վան քաղաքը հիմնադրել է Սարդուրի Առաջին արքան (Մ․թ․ա 835-825 թվականներ) և անվանելով այն Տուշպա՝ դարձրել պետության մայրաքաղաքը։ Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն, իսկ քարաժայռի վրա կառուցված նրա միջնաբերդն իր ռազմավարական նշանակությունը պահպանել է մինչև 1915 թվական։

Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։